Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հնչեցին ատելության խոսքի քարոզ եւ սպառնալիքներ՝ մեր հասցեին, որոնք հրահրվել էին «Իմ քայլի» եւ վարչապետի ելույթներից». ԼՀԿ

Դեկտեմբեր 11,2019 16:36

«Հնչեցին ատելության խոսքի քարոզ եւ սպառնալիքներ՝ մեր հասցեին, որոնք հրահրվել էին «Իմ քայլի» եւ վարչապետի ելույթներից: Հետագայում ագրեսիան նվազեց, բայց շարունակում է մնալ: Մեր գործընկերները դեռ չեն ընդունել, թե ինչ է ընդդիմությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ամփոփելով խորհրդարանի գործունեության մեկ տարին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նկատեց. «Շատ ենք խոսում սիրո եւ համերաշխության հեղափոխության մասին, բայց առօրյա գործընթացներում դրանք այնքան էլ չեն դրսեւորվում: Ավելորդ լեզվակռիվներն ու կսմիթները որեւէ բան չեն տալու»:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ գործընկերների ասածի հետ չհամաձայնեց. «Սիրո պակաս չեմ տեսնում: Սերն ի հայտ է գալիս, հետո կռվում են…Մնացած սիրո զգացմունքներն այլ տեղում են քննարկում: Ընդդիմությունն էլ սիրո պակասը պետք է լրացնի»:

«Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ընդդիմադիրների նշյալ դժգոհությանը հետեւյալ բացատրությունը տվեց. «Գործող իշխանությունը կախված չէ որեւէ մեկից, բացի ՀՀ ժողովրդից: Մեր ուղիղ լինելը, անուններով խոսելն ու աշխատաոճը գուցե այդքան էլ սովորական չեն, ինչպես Նաիրա Զոհրաբյանը նշեց, 12 տարի այս դահլիճում նստած պատգամավորների համար: Իշխող կուսակցությունն իր համար առաջին գործընկեր է համարում ժողովրդին, որն իր կոալիցիայի միակ անդամն է: Մեծ հաշվով՝ որեւէ լարվածություն չկա: Այն մթնոլորտը, որը տիրում էր նախորդ ԱԺ-ում, ուղղակի խայտառակություն էր նաեւ ագրեսիայի առումով: Այսօր այդպես չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել