Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, հայտնում է Ermenihaber-ը։
Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։
Այսօր իսկապես պատմական օր է Պոլսի հայ համայնքի համար, քանի որ 12 տարվա անորոշության շրջանն արդեն կարելի է ավարտված համարել։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալու պատճառով համայնքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են թե՛ կրթական, թե՛ համայնքի վարչական կառավարման հարցերին։
Այս անորոշության շրջանի ավարտից հետո համայնքում նոր պատրիարքից հիշյալ խնդիրների համակարգային լուծումն է ակնկալվում։ Սակայն մինչ այդ ամենամեծ սպասելիքը միասնության հաստատումն է բազում խնդիրների պատճառով պառակտված համայնքում: