Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի վերջին զարգացումները և ՀԳՀԾ-ի անորոշ հեռանկարը

Դեկտեմբեր 11,2019 16:05

2019 թ․-ի նոյեմբերի 15-ից 18-ը Իրանի ավելի քան 50 քաղաքներում և տարբեր ավաններում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնք մեկնարկեցին կառավարության կողմից բենզինի գների անսպասելի թանկացման հետևանքով։ Արդեն իսկ առաջին վայրկյաններից ժողովրդական ցույցերը և բողոքի կոպիտ ակցիաները ջախջախվեցին Իրանի ուժային կառույցների հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա մասնաճյուղը համարվող աշխարհազորային Բասիջի ուժերի կողմից։ Սա Իրանի իսլամական հանրապետության 40 ամյա պատմության ընթացքում երրորդ լուրջ սպառնալիքն էր ուղղված Իրանի հոգևոր իշխանության քաղաքական և տնտեսական յուրովի համակարգի դեմ։ Ուժային կառույցների կողմից ժողովրդի տնտեսական պահանջների և բողոքի ցույցերի բռնաճնշումն և խիստ վերահսկումն ինտերնետ կապի բոլոր օպերատորների վրա արժանացել է միջազգային իրավապաշտպան և Եվրամիության խիստ քննադատությանը։ Այդուամենայնիվ Իրանի անվտանգության ուժերը և կառավարության ուժային կառույցները կարողացան երկրի տագնապալից իրավիճակը կայունացնել և, ժողովրդի խոցելի դասակարգին որոշ գումար նպաստ հատկացնելով, բողոքների թափը առժամանակ կասեցնել։

Այս իրադարձությունների ֆոնին թվում էր, թե Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը կփորձեն Իրանի մարդու իրավունքների իրավիճակը և ներքին հասարակական սահմանափակումների հարցը շահարկել Միջուկային գործարքի և Իրանի հրթիռային ծրագրի շուրջ առավել ճնշում գործադրել Իրանի վրա։ Սակայն, չնայած Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունների կողմից արդեն սովորական ընթացակարգ դարձած Արևմուտքի, ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ իրական ու ենթադրյալ թշնամիների հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու ԱՄՆ-ի և Արևմուտքի կեղծ ու շինծու հռետորաբանությանը Իրանի դեմ, Իրան-Արևմուտք առճակատման ամենաթեժ պահին տեղի ունեցավ անսպասելի մի իրադարձություն։ Դեկտեմբերի 8-ին Իրանի պետական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Իրանի ԱԳՆ և անվտանգության ու դատական կառույցների համագործակցության արդյունքում, Շվեյցարիայի միջնորդությամբ, իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանին, որը ԱՄՆ-ում ձերբակալվել էր հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով, ազատ է արձակվել: Այդ գործընթացում, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի վավերացմամբ և դատական ու անվտանգության կառույցների համաձայնությամբ, ազատ է արձակվել լրտեսության մեղադրանքով Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացի՝ Ժաո Վանգը, որին հանձնել են Շվեյցարիայի պաշտոնատարներին՝ ԱՄՆ վերադառնալու համար:

Սառը պատերազմի ժամանակաշրջանից մնացած ավանդույթի համաձայն՝ Իրան-ԱՄՆ լրտեսների այս փոխանակումը պետք է գնահատել հակառակ կողմերի ներքին լարված իրավիճակի կայունացմանը միտված գործողության, այսպես ասած՝ երկկողմ հետաքրքրվող խնդրահարույց հիմնական հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով։

Մյուս կողմից Իրանի միջուկային հարցով բանակցությունների շարունակման և ՀԳՀԾ-ի պահպանման մյուս կարևոր եվրոպական կողմն՝ այսինքն` Ֆրանսիան փորձում է միջնորդի դերում հանդես գալ Ռոհանիի չափավոր կառավարությանը, ստեղծված իրավիճակից փրկելու համար։ Չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անընդունելի է համարել Իրանում Ֆրանսիայի երկու քաղաքացիներին կալանքի տակ պահելը և պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակումը, զեկույցները ենթադրում են, որ Իրանի դատական համակարգը ՝ համալսարանի պրոֆեսոր Ֆարիբա Ադելխահի և նրա ընկեր Ռոլանդ Մարշալին ազատ արձակելու կապակցությամբ դեռ հստակ որոշում չի կայացրել: Սա բխում է նրանից, որ խիստ պահպանողական թևին պատկանող և երկրի հոգևոր առաջնորդին հավատարիմ Իրանի դատական իշխանությունը դեռ համոզված չէ Ֆրանսիայի միջնորդական դերին և նրանց ակնկալիքը եվրոպական կողմից մասնավորապես ֆրանսիայից շատ ավելի հեռուներն են գնում, քան ՀԳՀԾ-ի հարցով բանակցությունների վերսկսումն՝ այն էլ Հասան Ռոհանիի նախագահության մնացած ժամանակահատվածում։

Ստեղծված պայմաններում, երբ 2020 թվականի մարտին Իրանում տեղի են ունենալու Իսլամական խորհրդարանի ընտրությունները և Իրանում բենզինի գների բարձրացման հետ կապված անհանդարտությունների հետևանքով իսլամական իշխանության ծայրահեղական թիմը և պահապանների կորպուսը արդեն պատրաստվում են գրավել Ռոհանիի կառավարության կիսախարխուլ հենակներից մեկը հանդիսացող խորհրդարանի աթոռների զգալի մասը։ Այժմ երկրի տնտեսական դեֆիցիտից փրկվելու և ԱՄՆ-ի առավելագույն ճնշումները մեղմելու նպատակով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կրկին դիմել է իր ասիական բարեկամ Ճապոնիայի բարիկամեցողության և աջակցությանը։

Դեկտեմբերի 9-ին, Ստամբուլի օդանավակայանում, լրագրողներին տված հարցազրույցում, կարևորելով ՀԳՀԾ-ի գործադրումն այդ համաձայնությունը ստորագրած երկրների կողմից, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԻԻՀ դժգոհ է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրամիության քայլերից: Եթե միջուկային համաձայնության մյուս կողմերը կատարեն իրենց հանձնառությունները, Իրանը պատրաստ է դադարեցնել այդ համաձայնության 36-րդ կետի համաձայն ձեռնարկած իր քայլերը»: Սա հստակ ուղերձ է Իրանի կողմից, որ INSTEX-ի գործադրման դեպքում Իրանը պատրաստ է մի քայլ նահանջել ՀԳՀԾ-ի պայմանավորվածությունների կրճատման ձեռնարկած քայլերից։ Սակայն, Զարիֆը չի հստակեցրել, որ Իրանն ի՞նչ քայլ է ուզում ձեռնարկել իր հրթիռային և միջուկային զենքերի հասանելիության ծրագրերի վերաբերյալ։

Դիվանագիտական զարգացումների համատեքստում, օրերս ճապոնական Քիոդո լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Տոկիոն դեկտեմբերի 20-ին կհյուրընկալվի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Գործակալությունը հայտնում է, որ Ռոհանիի Ճապոնիա այցի նպատակը միջուկային գործարքի փակուղին կոտրելն ու լարվածության թուլացումն է։ Հատկանշական է, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստին մասնակցելուց առաջ, անցած շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին Ճապոնիա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել վարչապետ՝ Սինձո Աբեյի հետ: Արաղչիի Ճապոնիա կատարած այցի նպատակը Իրանի նախագահ Ռոհանիի համաձայնության ուղերձի հղումն էր Ճապոնիա կատարելիք այցի կապակցությամբ։

Ճապոնիան և Ֆրանսիան արդեն մեկ տարի է, ինչ փորձում են գտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը մեղմելու միջոց: Ճապոնիայի ջանքերի գագաթնակետն էր վարչապետ Սինձո Աբեյի եռօրյա այցը Թեհրան: Թեհրանում Աբեն հանդիպեց Իսլամական հանրապետության նախագահի և գերագույն առաջնորդի հետ և նրանց հորդորել էր բանակցություններ վարել Թրամփի վարչակազմի հետ: Այդ ժամանակ Իրանը երկու տարբեր պատասխան տվեց այդ ջանքերին: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կտրականապես մերժեց ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը և այն համարեց թույն Իրանի ազգային անվտանգության համար։ Իրանի երկրորդ պատասխանը եղել է ԱՄԷ-ի Ֆուջաիրա նավահանգստում նավթային տանկերների պայթյունը:

Սակայն, տնտեսական և նավթային պատժամիջոցների խստացումով և երկրում առաջացած լուրջ դժգոհությունների և անհանգստությունների հետևանքով վերջին ամիսներին Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես ընդգծել են Արևմուտքի հետ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի հետ լարվածության մեղմացման ջանքերի շրջագծում նշելով, որ Իրանը պատրաստ է փոխանակել բանտարկյալներին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Գնդակը գտնվում է ԱՄՆ-ի դաշտում»:

Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Այս շաբաթ, ԱՄՆ-ում գտնվող իրանցի գերու վերադարձից հետո, Իրանը պատրաստ է գերիների փոխանակմանը, բոլորը բոլորի դիմաց ձևաչափով»: Թվում է թե Իրանի նախագահության ինստիտուտն այս անգամ ներքին և արտաքին ճնշումներից դուրս գալու համար դիմել է գերիների փոխանակման ավանդական մեթոդին, մի գուցե կարողանալ ինչ որ ձևով՝ ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Ճապոնիայի միջնորդությամբ կրկին նստել բանակցության սեղանի շուրջ։

Սակայն, մյուս կողմից զգալով Իրանի թուլացած դիրքերը ներքին և տարածաշրջանային դաշտում, դեկտեմբերի 10-ին, ԱՄՆ պետքարտուղարության «Իրանի դեմ քայլի խմբի» ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ավելի կխստացվի:

Բրայան Հուքյն ինչպես Դոնալդ Թրամփը և Մայք Պոմեպոն, կրկին, Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության նավթավերամշակման օբյեկտների դեմ հարձակմանը մասնակից լինելու մեջ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը:

Հուքը հավելել է, որ Վաշինգտոնի հիմնական նպատակն Իրանի նկատմամբ ճնշում գործադրելն է, որպեսզի Թեհրանին ստիպի բանակցել Վաշինգտոնի հետ:

Անկասկած Բրայան Հուքի այս կոշտ դիրքորոշումն ուղղված է Իրանի հոգևոր առաջնորդի և պահապանների կորպուսի կարծր դիրքերի և տարածաշրջանային գործողությունների դեմ։ Քանի որ, մի կողմից նախագահ Հասան Ռոհանիի կառավարության թիմը փորձում է ներքին և արտաքին ծանր ճնշումներից ու տնտեսական անմխիթար փակուղուց դուրս գալ ՀԳՀԾ-2 բանակցությունների ճանապարհով, մյուս կողմից Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները փորձում են ներքին ճակատում և առաջիկա խորհրդարանական ընտրություններում նվաճել չափավոր իշխանության վերջին դիրքերը և տարածաշրջանում մեկնարկել իրենց գրոհային նոր արշավը՝ Իրաքում և Լիբանանում Իրանի կողմնակից իշխանություններին վերակենդանացնելու համար։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031