Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդուն տանում ծեծում են, ինչ ասես կորզում են». Սասուն Միքայելյանը գոհ է՝ ոստիկանության բաժինների մուտքի, ելքի մոտ, հարցաքննության սենյակում տեսախցիկներ են դրվելու

Դեկտեմբեր 11,2019 15:17

Ոստիկանական բաժանմունքների մուտքերը, ելքերը, հարցաքննության համար օգտագործվող սենյակները կահավորելու են տեսանկարահանող, տեսաձայնագրող սարքերով՝ խոշտանգումներից զերծ մնալու համար:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց այդ հարցը եւ առաջարկվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը նշեց, որ նախատեսվում է ցանկության դեպքում տեսագրությունները տրամադրել փորձաքննված անձանց, նրանց ներկայացուցիչներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, ՀՀ ոստիկանության համակարգի Ձերբակալված անձանց պահելու վայրում ՀԿ-ների, դիտորդական խմբի անդամներին: Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ ոչ գաղտնի հարցաքննության սենյակները պետք է կահավորվեն 3 տարվա ընթացքում ՝օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքերը տեղադրվելու են ոստիկանների համազգեստին՝ տեսանելի, կամ կրելու են ձեռքով, կամ լինելու է տրանսպորտային միջոցում: Սա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ոստիկաններին: Գաղտնի գործողությունների ժամանակ միայն բացառություն է կազմում:

Այս տեսախցիկները ձեռքբերելու համար անհրաժեշտ է 208 մլն դրամ, որի մի մասը առայժմ նախատեսվում է տրամադրել ոստիկանության բյուջեից, օրինակ, 2020-ին նախատեսվում է 70 մլն 812 հազար դրամ, ֆիննախի բյուջեով ապահոված չի, ոստիկանությունը դա իր միջոցների հաշվին պետք է ապահովի:

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց. «Օրենքի նախագիծն ուշացած է, որովհետեւ վերջին մի քանի ամսում երբ ուսումասիրեցինք միջազգային փորձը, 80-90 տոկոս նվազել են այդ երկրներում բռնության եւ խոշտանգումների դեպքերը»: Նա հետաքրքրվեց՝ ոստիկանները կարո՞ղ են անջատել տեսախցիկները, այսպես ասած իրենց «գործն» անեն, հետո միացնեն, ոստիկանության մասնագետը վստահեցրեց, որ ոչ, նման բան օրենքով չի նախատեսվում:

Սասուն Միքայելյանն էլ հարցրեց. «Ոստիկանը, հենց ծառայության է գնում, պետք է միացնի՞ տեսանկարահանող սարքը, թե՞ ինքը պահի տակ երբ ուզի՝ միացնում է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ կարա ոստիկանության աշխատողը մարդուն բերի հունից հանի, հետո միացնի, չի երեւում, որ էդ մարդն է նրան հունից հանել, հասկանո՞ւմ եք: Առավոտը գնաց ծառայության, պետք է միացնի՞, չէ, դրա համար էլ էդ պրոբլեմը միշտ էլ կլինի, ինչպես գիտեք, մեր մեծարգո ոստիկանները դա անում են»:

Ոստիկանության ներկայացուցիչն էլ ասաց, որ դրա համար նախատեսվում է, որ ոստիկանն անպայման հարցաքննի հարցաքննության համար նախատեսված սենյակում, չի կարող տանել իր աշխատասենյակ եւ հարցաքննել:

Իմ քայլական Տիգրան Կարապետյանը զարմացած էր՝ մուտքը, ելքը կահավորել տեսախցիկով հասկանալի է, բայց զարմանալի է, որ ոստիկանները համաձայնել են այդքան տեսախցիկներին. «Իմ մոտ շոկի տպավորություն է, թափանցիկություն, մարդու իրավունքներ, հասկացանք, բայց եկեք չմոռանանք ինչ տարածաշրջանում ենք ապրում ու ոստիկանությունը ինչ խնդիրներ է լուծում»: Նա հարցրեց՝ օպերատիվ հարցումների համար նախատեսված սենյակում ի՞նչ խնդիր է լուծում տեսախցիկ դնելը:

Փոխոստիկանապետ Եսայանը պատասխանեց. «Սա մենք ընդամենը ընդօրինակել ենք արտասահմանյան փորձից»: Պատգամավորներն արձագանքեցին՝ հա, ձեր սրտով էլ չի, էլի:

Ուշագրավ էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը նույնպես դեմ էր նախագծի այն դրույթին, որը նախատեսում է օպերատիվ հարցման սենյակում տեսախցիկ ունենալ: Նա զարմացած էր, որ նման ձեւակերպմամբ նախագիծ են բերել. «Սա կարող է պարալիզացնել ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ողջ պրոցեսը»: Նա ասաց, որ առանց այն էլ մի լավ վիճակ չունենք ոստիկանությունում, հանցավորությունը իր տեխնիկական միջոցներով, ինտելեկտուալ կարողություններով վաղուց անցել է ոստիկանությանը, հիմա նորից բերում են կազմալուծելու. «Ես հասկացա, որ հիմքում միջազգային փորձն է, բայց հաշվի առե՞լ եք աշխարհում ոստիկանության աշխատավարձը, նրանց տեխնիկական միջոցները: Սա հետագայում քրգործեր են դառնալու ոստիկանների գլխին, առանց այն էլ այսօր ով մի քիչ լիազորությունները չարաշահում է՝ քրեական պատասխանատվության է ենթարկվում»:

Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Մարդուն տանում-ծեծում են, ինչ ասես կորզում են, հիմա ի՞նչ է խանգարում, որ ոստիկանը տանում է էդ սենյակ, կարա տանի մյուս սենյակ ծեծի, բերի էդտեղ մտցնի, որը կատարվել է միշտ: Մարդը եթե էգուց պահանջի տեսագրությունը, ասի՝ ես նման բան չեմ ասել՝ ժողովրդավարական է, ի՞նչ է պատահել, թող տեսախցիկ լինի»:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանն արձագանքեց. «Հիմա ի՞նչ է ստացվում, ոստիկանությունն ուզում է ավելի պարզ, թափանցիկ աշխատի՝ մենք դե՞մ ենք, ձեր ասելուց ըտենց է դուրս գալիս»:

Արմեն Խաչատրյանն ասաց, թե այսօր ոստիկանությունում խոշտանգումներն ակտուալ չեն, նման խնդիր չկա: Քրիստինե Պողոսյանը հակադարձեց. «2019-ին արդեն քանի դեպք հրապարակվել է, մի՛ ասեք նման բան»:

Ի վերջո, հանձնաժողովականները որոշեցին օպերատիվ տվյալների հարցման ժամանակ տեսախցիկներ չօգտագործել: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031