Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը պնդում է, որ իր ունեցվածքը կուտակել է հող մշակելով եւ վերամշակող արտադրություն հիմնելով: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողի հարցին, նա ասաց. «Այն մարդիկ, ովքեր ինձ քննադատել են, իրենք իրականում դիզել են իրենց հարստությունը եւ գույք են ձեռք բերել արտասահմանում: Իմ ներդրումը եղել է ազատագրված տարածքներում»:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց քանիցս ասածը`Աղդամի ականապատված տարածքներում, ականազերծելով այդ տարածքները, կորուստներ ունենալով, Ջաբրաիլում, սահմանի հարեւանությամբ գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել: Նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո, սահմանամերձ տարածքներում տնկած խաղողի այգիների լուրջ կորուստներ է ունեցել`140 հեկտար տարածք այսօր չի մշակվում: Բայց դա իրեն չի կաշկանդել, ասում է, որ շարունակելու է ազատագրված տարածքները շենացնել:
«Ի դեպ, սկսել եմ մշակել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները քննարկում էին ազատագրված տարածքները վերադարձնելու հարցը`1997 թվականին»,- ասաց Արայիկ Հարությունյանը`հավելելով, որ գեներալ չի եղել, բայց ամենաերիտասարդ սպաներից է եղել ու իր ռազմական փորձը ոչ պակաս է. «18 տարիս լրացել է պաշտպանական ջոկատում, իսկ 18 տարեկանից ղեկավարել եմ գումարտակի հետախուզության ջոկատը»:
Խոսելով Արցախում կայանալիք ընտրությունների մասին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ֆավորիտ թեկնածուներ չկան, բոլոր թեկնածուներն էլ Արցախում լուրջ ճանապարհ անցած եւ հեղինակություն ունեցող մարդիկ են:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ