Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած ասուլիսում, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնին, ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը‚ աշխարհահռչակ ջութակահար‚ Գրեմմի մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարեցին Արամ Խաչատրյան փառատոնի սկզբի, նաեւ մի քանի բացառիկ ծրագրերի մասին։
Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվեց հուշագիր՝ 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում կողմերի համագործակցության և Վենգերովի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ լինելու մասին։
Արա Խզմալյանը նշեց, որ պետք է մտածել այն մասին, որ Խաչատրյանական փառատոնի ռեսուրսները լիարժեք օգտագործվեն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար. «Այն , ինչ կապվում է Արամ Խաչատրյանի հետ, յուրաքանչյուրիս անձնական ձեռքբերումն է, եւ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Արամ Խաչատրյանի անվան միջազգայնացմանը, չափազանց կարեւոր են պետական մշակութային քաղաքականության տեսանկյունից»:
«Ես շատ ուրախ եմ կրկին լինել Հայաստանում` այս հրաշալի թանգարանում»,-ասաց անվանի երաժիշտը և հավելեց, որ թեեւ նոր է ժամանել, բայց անհամբեր սպասում է նվագախմբի հետ հանդիպմանը, ուրախ է, որ հենց Սերգեյ Սմբատյանի հետ է սերտորեն համագործակցելու: «Հոգեւոր որակները նման դեպքերում նույնպես կարեւոր են»,-ասաց Մաքսիմ Վենգերովը` նկատի ունենալով Սերգեյ Սմբատյանի մարդկային հատկանիշները:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իր համար ինչով է առանձնանում Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ջութակահարը պատասխանեց. «Այդ երաժշտությունը գունեղ է, արեւային, հուզականությունն ուղղակի ցնցում է»:
Նրա ձեւակերպմամբ, դասական երաժշտությունը լավագույն երաժշտությունն է. «Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ դասական երաժիշտ եմ… Մեծագույն կոմպոզիտորները գլուխգործոցներ են ստեղծել 4 դար առաջ, եւ այն ինչ պահպանվել է, մեր էներգետիկ ներուժն է ներկայումս եւ ապագայում… Դասական երաժշտությունը հույս է ներշնչում մարդկանց, երաժշտական գործիք նվագող երեխաներն էլ այլ կերպ են զարգանում»:
Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ավելի քանի ուրախ է, որ Վենգերովն իրենց նվագախմբի ռեզիդենտ արտիստն է: Նա խոստացավ բացառիկ երաժշտություն` Խաչատրյանական փառատոնին եւ հետագա բոլոր համերգներին, խոսեց նաեւ առաջիկայում Մյունխենում, Շտուտգարդում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Բեռլինում կայանալիք նախագծերի մասին: Մաքսիմ Վենգերովի հետ համագործակցությունն էլ խոշոր ձեռքբերում անվանեց միջազգային իմաստով: «Այն սիմֆոնիզմը, որ ունենք, պետք է ներկայացնենք աշխարհին»,-ասաց դիրիժորը, նաեւ հայտնեց, որ հանդես են գալու աշխարհի լավագույն 10 համերգասրահներում:
Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնի բացման համերգի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իբրեւ մենակատար հանդես կգա Մաքսիմ Վենգերովը, իսկ ծրագրում կլինեն Ջոն Տեր-Թադևոսյանի, Մաքս Բրուխի, Ռավելի ստեղծագործությունները, նվագախումբն էլ կղեկավարի Սերգեյ Սմբատյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից: