«ՀՀ-ն, կարելի է ասել, զավթված է եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Քաղաքական առումով այդ անձինք տասնամյակներ շարունակ ստեղծել են այն ՀՀ-ն, որը մեկ պետք է սպասարկեր Ռոբերտ Քոչարյանին, մեկ՝ Սերժ Սարգսյանին: Դրա մասն է եղել դատական համակարգը, որը ստեղծված է եղել այդ ռեժիմի սպասարկման համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Մեկնաբանելով ՍԴ դատավորների համար կենսաթոշակ սահմանող օրինագծի շուրջ ընդդիմադիրների քննադատությունները՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դատական համակարգում այսօր կա խնդիր. «Գերակշիռ մասն այդ պատճառով ենթակա է վերանայման»:
Սիմոնյանը շարունակեց. «Հիշեցնեմ «ազնիվ մղումներից» դրդված հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնելու համաժողովրդական շարժումն ու հեղափոխությունը: Ուզում եմ այսօր գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից օրեր առաջ ԱԺ բակում տոնական միջոցառման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներից երկուսն ինձ ասացին, որ «ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե օրեր անց ինչ կլինի» …անուն կարող եմ տալ, բայց չեմ ուզում գովազդել այս անձանց: Այդ ժամանակ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, եւ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»:
Ալեն Սիմոնյանի խոսքով. «Հիմա կա դատական իշխանության խնդիր: Այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար: Երբ քայլ է արվում լուծում տալու, շահարկում են, թե իշխանությունն ուզում է իրեն հարմար դատական իշխանություն ձեւավորել: Դատական համակարգում պարկեշտ անձնավորություններ կան, մենք համակարգի խնդիրների մասին ենք խոսում: Հարցն այսպես թե այնպես լուծվելու է, եւ անհրաժեշտության դեպքում երկրորդ ձեռքը կմեկնենք, երբ հասկանանք, թե ներկայիս իրավիճակն ինչ հանգուցալուծում կստանա»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2018թ.-ին հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր մարդիկ հավաքվեցին Ազգային ժողովի մոտ և բողոք արտահայտեցին ընդունված օրենքի դեմ։ Հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքով նախատեսվում էր վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարել ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի, սպառնալիքի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ