Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժի Արայիկի»՝ Շմայսի հետ ճամփա փակելը թանկ է նստում. Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ին առաջարկում է փոխել նրան. «Այդ անձնավորությունը այսօր էլ պատիվ չի բերում»

Դեկտեմբեր 11,2019 14:07

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Եթե ընդունվի, նախատեսվում է գերատեսչական հանգստյան տներում զինծառայողներն, նրանց ընտանիքի անդամների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի իրավունքը կազմակերպել:

Նախագծով նաեւ «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրի հետ կապված հարցերն են կարգավորվում:

«Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանը Պն փոխնախարար Գաբրիել Բալայանին, որը հիմնական զեկուցողն էր, հարց ուղղեց «Լեռնային Հայատան» առողջարանային համալիրի հետ կապված: Նա ասաց, որ այն թվերին, երբ ինքն էր ծառայում, պաշտոնյաների զավակներն այնտեղ ավելի շատ հանգստանում էին, քան ծառայում, հիմա ի՞նչ վիճակ է այնտեղ:

Գաբրիել Բալայանն էլ պատասխանեց. «Տասը տարուց ավելի է, «Լեռնային Հայաստանի» զորամասում ժամկետային զինծառայություն գոյություն չունի, միայն պայմանագրային ծառայություն է: Նախատեսվում է պետական հիմնարկի կարգավիճակ տալ այդ կազմակերպությանը, լիցենզիա տրվի, սոցփաթեթից կկարողանան օգտվել»:

«Լեռնային Հայաստանը», եթե ձեռնարկատիրական գործունեություն էլ ծավալի, գումարը կգնա պետբյուջե:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Երբ «Լեռնային Հայաստան» անունը լսում ենք, հիշում ենք, որ ամիսներ առաջ այդ կառույցի ղեկավարի հետ կապված կասկածներ ենք ունեցել ու տեղյակ ենք պահել ՊՆ-ին մեր կասկածների մասին: Կարծում ենք, ՊՆ-ն նորից կհիշի մեր քննարկումները եւ կառաջարկի այնպիսի ղեկավար կազմ, որոնք կլինեն ընկալելի հանգստացողների համար եւ որեւէ հարց չեն առաջացնի իրենց պաշտոնավարման ընթացքում: Ինչ-ինչ հարցեր, որոնք սուր, բուռն քննարկման առարկա դարձան, մենք չենք մոռացել: Այդ անձնավորությունը, կարծում եմ, այսօր էլ պատիվ չի բերում ԶՈւ սպայական կազմի հանգիստը կազմակերպելու առումով»:

Հիշեցնենք, որ խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, որի հետ կապված հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Այսօր էլ բանակում կոնկրետ կառույցի ղեկավարը ոչ բանակային հագուստով Շմայսի հետ միասին մասնակցում էր Էջմիածնի ժողովրդի դեմ ճանապարհները փակելուն: Ես հիմա անունը կհնչեցնեմ, որովհետեւ անթույլատրելի է, որ այդպիսի մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական պրոցեսներին մասնակցել են, խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, դա հայտնի Սերժի Արայիկն է, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Խնդրում եմ կադրային հարցերում ուշադիր լինեք: Այս մարդիկ, որ միշտ հաճույքով ապօրինի գործողություներին մասնակից են եղել, նրանք ԶՈւ-ում անելիք չունեն, «սիմվոլներ» են եւ այդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն»:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ պատասխանեց. «Մենք ձեր հիշեցումն ընդունում ենք ի գիտություն: Շատ լուրջ քննարկումներ են եղել եւ ձեր բոլոր դիտարկումները հաշվի են առնվում: Ձեր հարցի հետ կապված՝ ես կարող եմ անձնապես երաշխավորել, որ իմ իրավասությունների շրջանակներում իրականացնելու եմ հսկողությունը ամբողջ ծավալով, որովհետեւ հետո այստեղ զեկուցելուց հարցերն ինձ են ուղղվելու»:

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «Լեռնային Հայաստանի» տարածքում ամռանը ես եղել եմ, քանի որ գիտեի ում է պատկանում, բարձրացա տեսնեմ ինչ վիճակում է: Այս օրենքի նախագիծը բերելիս ի՞նչ ծախսեր են լինելու՝ վերանորոգման»: Պատգամավորն առաջարկեց «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրում նախ աուդիտ անել ու տեսնել, թե առաջ ոնց են ծախսվել հատկացված գումարները, արդյունավե՞տ են կառավարել, թե՞ ոչ: Հնարավոր է, ուրիշ կառավարման մոդել առաջարկեն:

Անդրանիկ Քոչարյանը նույնպես կարեւորեց աուդիտը՝ ասելով, որ Վազգեն Սարգսյանը պատահական չի ընտրել այդ կառույցի տեղը, այնտեղ հավաքվում էր բանակի հրամկազմը, սպորտային միջոցառումներ էին անցկացվում: Կարեւոր է, որ ծանր ծառայություն ունեցողների սոցփաթեթի մեջ մտնի այս հնարավորությունը:

Գաբրիել Բալայանն էլ ասաց, որ այսօր 1072 զինծառայողների հանգիստն են տարեկան ապահովում այնտեղ եւ եթե մասնավորից առաջարկ կստանան, մենեջմենթը կփոխեն, որ զինվորական մենեջմենթ չլինի: «Լեռնային Հայաստանում» ջրամատակարարման համակարգը, սենյակային պայմանները լուրջ ներդրման կարիք ունեն, կառավարությունը մտադիր է դրա վերանորոգումն իրականացնել ոչ թե բյուջեի, այլ՝ մասնավորի հաշվին:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031