ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «Եթե Հրայր Թովմասյանը տրվի գայթակղությանը եւ գնա թոշակի, որքանո՞վ համոզված լինի, որ իշխանությունն առաջիկայում չի որոշի, որ այդ գումարն այլեւս չի տրվելու նրան եւ ՍԴ անդամներին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կամավոր կենսաթոշակ սահմանող օրինագիծը:
Ալեն Սիմոնյանը նկատեց. «Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին հասցրել է տրվել, եւ երբեք որեւէ բանում չպետք է վստահ լինի»:
Լրագրողը կրկնեց հարցը՝ «այսինքն, հնարավո՞ր է գա ժամանակ, որ կենսաթոշակն այլեւս չտրվի»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/1245681258955472/
Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ որեւէ խորամանկություն այս օրինագծում չկա. «Մեր իշխանությունը եւ գործելաոճը երբեւէ առիթ չեն տվել մտածելու, թե մենք նման գործողություն կանենք: Օրենքը գործելու է լիարժեք կերպով, սա խաբկանք չէ: Մեծագույն հարգանք կունենամ նրանց նկատմամբ, ովքեր այդ լուծումն ընդունելի կհամարեն»:
«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս օրենքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ տրվում է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն, որը նա ուներ ամիսներ առաջ, բայց չօգտագործեց. «Հիմա ԱԺ-ն է նման քայլ անում: Որքանո՞վ կօգնի՝ հետագա քայլերից կերեւա: Օրինագծում խարդախություն չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ