ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը:
Դեկտեմբերի 8-ին տեղի են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական ու մարդու իրավունքների հարցերով, Էներգետիկ անվտանգության, սոցիալական ու կրթական, տնտեսական հարցերով չորս հանձնաժողովների նիստերը:
Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Նա ոչ միայն ներկայացրել է վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաեւ հստակ փաստարկել՝ էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել: Գայանե Աբրահամյանը նաեւ ընդգծել է էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարեւորությունը:
Կարեւոր հաջողություն է արձանագրվել նաեւ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում: Քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 8 առաջարկներն ընդունվել են:
«Հատկանշական է, որ վերոնշյալ հանձնաժողովի քննարկումների ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր: Ինչպես IDEA international միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,- նշել է պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի վերաբերյալ ԱԺ պատվիրակության բոլոր առաջարկները եւս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է Հայաստանի պատվիրակության՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը:
Հայաստանի համար խիստ կարեւոր առաջարկ է ընդունվել նաեւ Սոցիալական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրի վերաբերյալ էր, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ:
«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի կարեւոր ձեռքբերումներից է նաեւ հրատապ ընթացակարգով բերված բանաձեւում հայկական պատվիրակության առաջադրած երեք փոփոխությունների ընդունումը, որոնք ամրագրում են հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ առաջարկում ԵՄ «Տրիո» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) ռազմավարական նախագծում Հայաստանի ներառում՝ «Տրիո» բանաձեւը, «Տրիո + 1» բանաձեւի վերափոխմամբ:
Դեկտեմբերի 9-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն իր բացման խոսքում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը: Օգտվելով առիթից, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը խոսել է Հայոց Ցեղասպանության ու ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման կարեւորության մասին ու կոչ արել «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը` բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության մեկ անդամի, հոտնկայս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 10-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին քննարկման է ներկայացվել ԱԼԳ տասնամյա գործունեության ու առաջիկա ռազմավարության հարցը, որի ընթացքում ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ Արեւելյան գործընկերության ձեւաչափի զարգացման հեռանկարներին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, շեշտել է, որ հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական արժեքների ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը` որպես ցանկացած պետության առաջընթացի երաշխիք: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, պետական մակարդակով հայատյացության, ապակառուցողական քաղաքականությանը՝ որպես եվրոպական ընտանիքի ժողովրդավարական եւ իրավունքահեն արժեհամակարգին հակասող ու այդ ընտանիքում տեղ չունեցող պետության:
Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը, արձագանքելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանն առ այն, որ արցախյան կողմն ազատ չի արձակում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներին, ընդգծել է, որ դատապարտված անձինք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչ մարդասպաններ են, ովքեր առեւանգել եւ սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին, առեւանգել են մեկ քաղաքացիական անձի եւ վիրավորել մեկ երիտասարդ կնոջ: «Մարդասպանները ձերբակալվել են եւ դատապարտվել ազատազրկման: Նրանց մեղքն ապացուցվել է իրավունքի համաձայն ընթացած պատշաճ դատավարության արդյունքում՝ միջազգային դիտորդների, մարդու իրավունքների պաշտպանների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ ընթացած բաց, թափանցիկ դատավարության արդյունքում», – հավելել է ԱԺ պատվիրակության ներկայացուցիչը:
Վեհաժողովում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Նա անդրադարձել է Արեւելյան գործընկերության ապագային, տարածաշրջանում Եվրոպական Միության դերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակում ներառականության պահպանման, ինչպես նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարեւորությանը:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Զոլյանն էլ ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների ընթացքն ու արձանագրած ցուցանիշները՝ որպես ԱԼԳ հաջողության պատմություն ու բացառիկ օրինակ:
Նիստում ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստերը հաջորդ տարի գարնանը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը:
ՀՀ Ազգային ժողով