Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չեմպիոնները բանակում կծառայեն մարզական ակումբում. Անդրանիկ Քոչարյանը հիշեց՝ Վազգեն Սարգսյանից հետո այնտեղ պաշտոնյաների զավակների էին խցկում, դա հիմա չպետք է թույլ տալ

Դեկտեմբեր 11,2019 13:25

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ նախագծով վերականգնվում է բանակի մարզական ակումբը, հիմնականում օլիմպիական մարզաձեւերով հնարավորություն է ստեղծվելու ակումբներ ստեղծել. «Այնտեղ զորակոչելու ենք այն քաղաքացիներին, որոնք սպորտով են զբաղվում եւ համապատասխան նվաճումներ ունեն ձեռք բերված, որպեսզի կարողանանք նրանց ծառայությունը կազմակերպել այլ ձեւով»:

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանը հարցրեց. «Ասացիք, որ հիմնականում վերցնելու եք այն երեխաներին, որոնք նվաճումներ ունեն, բայց ճիշտ չի՞ լինի ընդհանրապես վերցնել այն երեխաներին, որոնք սպորտաձեւի մեջ հեռանկար ունեն, հետագայում նորմալ սպորտսմեն ունենանք»:

Բալայանն ասաց, որ սահմանափակ տեղեր են նախատեսվելու այնտեղ ծառայության համար, մարզական ֆեդերացիաների հետ համագործակցում են, եթե ֆեդերացիայի երաշխավորությունը կլինի, կտանեն, նախապատվությունը տրվելու է լավագույններին, բոլորին չեն տանելու, հիմնականում օլիմպիական մարզաձեւերին է խոսքը վերաբերում, եթե կլինեն արդյունքներ ցուցաբերածներ, գուցե քննարկեն նաեւ այլ մարզաձեւերով պարապողների հարցը: Սասուն Միքայելյանը հորդորեց ուժեղ վերահսկողություն անել, որ «լավ երեխեքը» չկորեն:

Բալայանն ասաց, որ իրենց համապատասխան ծառայությունն իր գործառույթը հստակ իրականացնում է. «Այդ սպորտաձեւում հաջողություն չունեցող անձը բացառվում է, որ մտնի ծառայության: Երբ ֆեդերացիան կհամարի, որ այլեւ հույս չի կապում այդ մարզիկի հետ, նա կուղարկվի զորանոցային ծառայության»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեց. «Սպորտվաշտի ձեւավորումը 90-ականներին եղել է մեր առաջին բանակային կառույցներից մեկը, եւ նախարար Վազգեն Սարգսյանը, լինելով նաեւ սպորտային անձնավորություն, շատ կարեւորում էր բանակում մարզական ակումբի կայացումը: Մենք տեսնում էինք, որ լավագույն մարզիկները, որոնք պետք է նաեւ մասնակցեին ծառայության, մարզվում էին, որ երկրի պատիվը պահեին: Բայց տարիների ընթացքում այդ կառույցը վերածվեց սրա-նրա, պաշտոնյաների երեխաների տեղավորման, ֆեդերացիաների կոռուպցիոն բաների, հատկապես դա շատ երեւաց ֆուտբոլի բնագավառում, որովհետեւ այնտեղ դժվար էր նայել, թե ով ում բարեկամն է ու ինչ հեռանկար է ապահովում: Հիմա սա կրկին փորձելն է, կարծում եմ, այս անգամ այսօրվա Հայաստանում չեմպիոնական ցանկը պետք է լինի այնպիսին, որ որեւէ խնդիր չառաջացնի, որ հետագայում այս կառույցը նորից գա այն վիճակին, ինչ մենք տեսանք տարիներ առաջ»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031