Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարելի է ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգ մարդու կերպարի մեջ մտնել ու աղիողորմ ձայնով անվերջ թվարկել, թե ամանորյա միջոցառումների փոխարեն ինչեր կարելի էր անել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2019 12:23

Վերջին օրերին ընդդիմադիր քարոզչամիջոցների նախընտրելի թեման իշխանությունների կողմից իրականացվող «անիմաստ շռայլ ծախսերն» են, ու հիմնական թիրախ է ընտրվել Երեւանի քաղաքապետարանը՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված մոտ 700 հազար դոլարով։ Ե՛վ թիրախն է շատ «հարմար», եւ՛ թեման, որովհետեւ կարելի է ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգ մարդու կերպարի մեջ մտնել ու աղիողորմ ձայնով անվերջ թվարկել, թե ամանորյա միջոցառումների փոխարեն ինչեր կարելի էր անել այդ 700 հազարով։ Օրինակ՝ վերանորոգել այսքան վերելակ, այսքան դպրոց ու մանկապարտեզ, բարձրացնել այսքան մարդու թոշակ ու նպաստ, եւ այլն։

Ընդ որում՝ թեման ունիվերսալ է եւ կարող է բավարարել մասնագիտական տարբեր ուղղվածություն ունեցող քարոզիչների պահանջները։ Օրինակ՝ «ռազմահայրենասերները» կարող են թվարկել, թե քանի արկ կամ փամփուշտ կարելի էր գնել այդ փողով, առողջապահության ոլորտի մասնագետները՝ հաշվել, թե քանի հոգու համար կարելի էր անվճար բուժում կազմակերպել, ֆեյսբուքյան լայքերի սիրահարները՝ թե քանի տետր ու գրիչ կարելի էր նվիրել սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար, եւ այսպես շարունակ։ Ու մեծ հաշվով՝ նրանք բոլորն իրավացի կլինեն, որովհետեւ այդ գումարն իսկապես կարելի էր հազարումի ձեւով ծախսել եւ որոշակի արդյունք ստանալ։

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամանորյա միջոցառումների համար մեծ գումար ծախսելն ավելորդ շքեղություն է եւ որեւէ արդյունք չի տալու։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ամանորի առթիվ տասնյակ հազարավոր դրամներ ծախսող երեւանցիները գուցեեւ չցանկանային ինքնակամ 300-ական դրամ հատկացնել տոնական մայրաքաղաք ունենալու համար։ Խնդիրն այն է, որ նման ծախսերը շատ պրագմատիկ եւ տնտեսագիտորեն հիմնավորված բացատրություն ունեն։ Հայաստանն, ինչպես հայտնի է, զբոսաշրջությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, ընդ որում՝ հազիվ թե գտնվի մեկը, որը սխալ համարի դա։ Բայց զբոսաշրջային բում ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գրավիչ մայրաքաղաք՝ առավել եւս Ամանորի օրերին (որովհետեւ դա ավանդաբար համարվում է ամենապիկ սեզոնը)։

Հազարավոր հայաստանցիներ, օրինակ, Ամանորը նշում են Թբիլիսիում ոչ միայն համեմատաբար մատչելի գների, այլեւ շքեղ տոնական միջոցառումների եւ համընդհանուր տոնական մթնոլորտի պատճառով։ Երեւի մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ ոչ միայն Ռուսաստանից ու նույն Վրաստանից, այլեւ Եվրոպայից մարդիկ գան՝ Ամանորը Հայաստանում նշելու։ Հասկանալի է, չէ՞, որ զբոսաշրջության աճն անմիջականորեն ազդելու է տասնյակ հազարավոր մարդկանց կենսամակարդակի վրա, այսինքն՝ տասնյակ հազարավոր կոնկրետ մարդիկ շահելու են դրա արդյունքում։ Իսկ սա նշանակում է, որ այդ 700 հազարի ծախսը մաս է կազմում մի ծրագրի, որի արդյունքում Հայաստանն էապես շահելու է։ Ընդ որում՝ խոսքը հաջողված ծրագրի մասին է, որովհետեւ առնվազն վերջին երկու տարիներին զբոսաշրջության ոլորտում առաջընթացն ակնհայտ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031