Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը դրական է գնահատում առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը.  «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2019 11:56

Առողջապահության նախկին նախարար, «Վարդանանց» բժշկական կենտրոնի, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավար Լեւոն Ալթունյանը դրական է գնահատում առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի մշակած՝ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության» գաղափարը, որով քաղաքացիները պետք է 6 տոկոս հարկ վճարեն իրենց եւ այլոց առողջության ապահովման համար։ Ալթունյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ ինքը նախարար էր ու փորձում էր առողջապահության ապահովագրություն ներդնել, ինչի համար իրեն դարձյալ քննադատում էին, խոսում էր ամսական 6 հազար դրամի մասին, որը կազմում էր տարեկան 72 հազար դրամ, մոտավորապես 240 մլրդ դրամ էին կազմում բնակչության առողջապահական ծախսերը։

«Ինչքան լսել եմ, նախարարը բարձրաձայնում է նույն թիվը՝ 240 մլրդ դրամի շուրջ է խոսակցությունը, էդ պարագայում դրական եմ վերաբերվում։ Էդ 6 տոկոսը մի քիչ ավելի սոցիալական արդարությունն է պաշտպանում, որ եթե մարդ ստանում է 100 հազար դրամ, 6 տոկոսը կազմում է 6 հազար դրամ։ Մյուս կողմից՝ եթե մարդը ստանում է 2 մլն դրամ, իր համար դա 120 հազար է կազմում։ Այսինքն՝ ապահովագրության սկզբունքը պահպանվում է, երբ հարուստը վճարում է աղքատի համար, առողջը՝ հիվանդի համար։ Բայց էստեղ մի տարբերություն կա՝ իրենց առաջարկածի եւ մեր մոտեցման միջեւ. մենք կարծում էինք, որ սոցիալապես անապահով, գործազուրկ, թոշակառու խավի եւ երեխաների համար պետք է վճարեր բյուջեն»,- ասաց Լեւոն Ալթունյանը։ Իրենք առողջապահական ծախսերից փորձում էին տնտեսել այն գումարը, որը կտային սոցիալապես անապահովների ապահովագրությանը։ «Այդ դեպքում մենք կարող էինք բոլորին ասել, որ ձեզանից հավաքում ենք 6 հազար դրամ։ Իսկ հիմա պետք է ապահովեն ամբողջ 3 մլն բնակչության առողջության ապահովագրումը մոտ 480 հազար աշխատողի 6 տոկոսի հաշվին»,- ասաց Ալթունյանը։

– Սոցիալական արդարության գաղափարը որտե՞ղ է ավելի շատ պահպանվում՝ հավասարապես բոլորից 6 հազար դրա՞մ, թե՞ ամեն մեկից 6 տոկոս գանձելու դեպքում։

– Դուք գիտեք՝ պարտադիր ապահովագրության դեպքում, եթե վերցնում ես 6 հազար դրամ, համապատասխանաբար 6 հազար դրամի ծառայություններ ես մատուցում մարդուն, եթե ինքն ուզում է ավելին, լրացուցիչ կամավոր ապահովագրություն է ձեռք բերում՝ անսահմանափակ ծածկույթով։ Հիմա, եթե մարդ ստանում է 2 մլն դրամ եւ ամսական վճարում է 120 հազար, ստացվում է, որ ինքը տարեկան վճարում է 1.5 մլն դրամ։ Եվ դրա դիմաց տալ միայն սահմանափակ պարտադիր պրոդուկտ՝ առանց որեւէ սերվիսի, առանց լրացուցիչ ծածկույթների, մի քիչ շատ համարձակ է։

– Ինչո՞ւ չեք քննադատում, այդ դեպքում, նախարարության այս նախաձեռնությունը։

– Չեմ քննադատում մի պարզ պատճառով՝ դա լիներ 6 հազար դրամ, թե դա լինի 6 տոկոս, հասարակության «դեմ» զանգվածը, միեւնույն է, դեմ է լինելու։

– Բայց Դուք կարող եք ավելի ողջամիտ առաջարկ ներկայացնել՝ հիմնավորելով, եւ հասարակությունը կունենա ավելի լավ ապահովագրական համակարգ։

– Գլխավորը՝ սկսել եւ սովորեցնել հասարակությանը, որ միայն պետության վրա հույս դնել չի կարելի, պետք է վճարել։ Մեծ տարբերություն չկա, եկեք սկսենք, ընթացքում շտկումները շատ ավելի հեշտ է մտցնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031