Լրահոս
Օրվա լրահոսը

Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռոբերտ Քոչարյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2019 10:55

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին

– Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլեւս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։

– Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է եւ ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի եւ թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաեւ դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ եւ անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը եւ այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի եւ նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները եւ նրա ընտանիքի անդամների շանտաժը, եւ սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենեւին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:
Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:

– Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ եւ ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։

– Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին» բանաձեւը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության եւ ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:

Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է եւ լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետեւանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել:
Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է եւ արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես:
Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման եւ վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031