Լինել գեղեցիկ ցանկանում են բոլորը: Բարեբախտաբար, ներկայումս գեղեցկանալը տանջալից գործընթաց չէ եւ երկարուձիգ ժամեր չի պահանջում. 1-2 դիմահարդարման պարագա եւ հարդարված վարսեր: Որքան էլ, որ դիմահարդարումը լինի հաջողված, միեւնույն է, տեսքը լիարժեք չի կարող լինել առանց գեղեցիկ եւ խնամված վարսերի:
Զրուցեցինք վարսահարդար Անի Ավդալյանի հետ: Նա ասաց, որ վարսահարդարման առումով 2020թ. բավականին վառ տարի է լինելու: «Նորաձեւ են լինելու քարերը, աքսեսուարները, վառ մազափնջերը (բնական մազի գույնի հետ համատեղ), մազերին մարգարիտները` մի խոսքով. հեքիաթ հիշեցնող ոճի մազեր. այսքա՜ն գեղեցկություն կտիրի 2020թ.-ին»,- նշեց վարսահարդարը: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ նորաձեւ է լինելու դիմային մազափունջը (չոլկան)` բոլոր տեսակի մազերի համար, իսկ սանրվածքների առումով հավելեց, որ ավելի նորաձեւ են համարվելու 80-ականների ոճի կողքի սանրված կամ սանրիկով հավաքած սանրվածքները, ինչպես նաեւ գագաթային հատվածում փքված մազերը: Ըստ վարսահարդարի, սակայն, մեծ հաշվով հակաթրենդային է համարվում այն ամենը, ինչը չի համապատասխանում տվյալ մարդու կերպարին ու արտաքինին:
Իսկ վերջում մեր զրուցակիցը կանանց եւ աղջիկներին տվեց մի քանի խորհուրդ՝ 2020թ. էլ ավելի գեղեցիկ դիմավորելու հանար. «Ամանորը միանշանակ պետք է դիմավորել կանացի, նուրբ եւ թեթեւ սանրվածքով, բայց կարող եք ավելացնել որոշ աքսեսուարներ: Կարող եք հանգիստ զարդարել մազերը, քանի որ դիմավորում ենք Նոր տարին` լի գույներով, փայլերով եւ հեքիաթի սպասումով»:
Զվարթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ համացանցից:
«Առավոտ» օրաթերթ
10.12.2019