Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց երաժիշտների միջեւ-3

Դեկտեմբեր 11,2019 13:00

Սիրելի ընթերցող, այս շարքի երրորդ զրուցակիցս մեր հայրենակից, դաշնակահար Լիլիթ Գրիգորյանն է, որը երաժշտության միջոցով իր բաժին ոսկեփոշին է սփռում մարդկանց սրտերում։

Միջազգային մրցույթների դափնեկիր, ով ապրում և դասավանդում է Գերմանիայում, շարունակելով լայնածավալ համերգային գործունեությունն ամենուր։

Մեր զրույցի ժամանակ փորձում էինք գտնել հուզող հարցերի պատասխանները, մեր և եվրոպական երաժշտական ավանդույթների, մոտեցումների ընդհանրությունները և տարբերությունները, նպատակ ունենալով այնտեղից հանել մեզ համար օգտակարության հատիկը։

Ն.Դ.– Մանկությանդ առաջին տպավորությունը, երբ գիտակցեցիր, որ երաժշտությունը խոսեց քեզ հետ։

Լ. Գ.– Դժվարանում եմ նման սահման դնել, որովհետև երբևէ չեմ զգացել այն։ Երաժշտության մեջ լինելը ինձ համար եղել է ամենաբնական վիճակը։ Մայրս, երբ հղի էր ինձնով, հայրիկիս հետ մշտապես նվագել են չորս ձեռքով, ես դեռ սաղմնային վիճակում լսել և մեծացել եմ այդ մթնոլորտում։

Ն.Դ.– Իսկ ես հիշում եմ այդ պահը։ Հայրս ինձ և քրոջս տարել էր «Կարապի լիճ» բալետի ներկայացմանը։ Այնտեղ մի պահ կա, որ մթության մեջ, իր վրա կենտոնացած մեկ լույսի ներքո, գեղեցկագույն երաժշտության հնչյունների ուղեկցությամբ հայտնվում է սպիտակ կարապը։ Երբ տեսա նրա պարը մեծ բեմի վրա, կախարդվեցի  և հասկացա, որ դա այն աշխարհն է, որտեղ ուզում եմ լինել։ 2007 թվականին Լիսաբոնում, Վիանա դա Մոտայի անվան միջազգային դաշնակահարների մրցույթում դափնեկիր դարձար։ Օրեր առաջ լիսաբոնյան Գյուլբենկյան պատվավոր բեմը կիսեցիր մեր օրերի բացառիկ դաշնակահար, համաշխարհային մեծ անուն վաստակած Մարիա Ժոաո Պիրեշի հետ։ Բնականաբար, Մարիան հազվադեպ մարդկանց հետ է նվագում կողք կողքի։ Սա չափանիշ է։ Արդյո՞ք տարիներ առաջ մտածում էիր, որ վերադառնալու ես նույն քաղաքը, լավագույն դաշնակահարի հետ կիսելու կարևորագույն այս բեմը։

Լ.Գ.– Շատ հետաքրքիր դեպք է ինձ հետ պատահել հենց լիսաբոնյան մրցույթի օրերին։ Մի լրագրող մոտեցավ ինձ և պատմեց, թե ինչպես ռադիոյով Մոցարտի կատարում է լսել, վստահ լինելով, որ Մարիա Ժոաո Պիրեշն է նվագում։ Հետո հայտարարել են իմ անունը։ Մրցույթի ձայնագրություններն էին, որոնք այդ օրերին պարբերաբար հաղորդում էին ռադիոյով։ Մեր այս համերգին շատ կուզեի, որ նա դահլիճում լիներ։ Ճակատագիրը մեզ բերեց, միացրեց և մենք միասին Մոցարտ էինք նվագում։ Իսկ Լիսաբոնը, որտեղ նաև ապրեցի մեկ տարի, հետաքրքիր զգացումներ էր առաջացնում իմ մեջ։ Կարծես Հայաստան փոխադրված լինեի։ Գերմանիայից հետո լիսաբոնյան եղանակը, մարդկանց ջերմությունը, օգնելու պատրաստակամությունը, որոշ քանդված փողոցներ…

Ն. Դ. -Իրականում այս երկու ազգերի միջև շատ նմանություններ կան, որոնց շնորհիվ համակերպվելու առաջին շրջանը ինձ համար դժվար չեղավ։ Մենք աշխատանքային հրավերով էինք տեղափոխվել։  Մարդիկ շատ ջերմ էին, մի քիչ արևելյան ոչ կատարելությամբ, որը նույնպես մեզ է հատուկ։ Հարազատական զգացում կար, կամ ասենք՝ անչափ օտար մթնոլորտ չէր ինձ համար, հատկապես, որ այդ ամենի ետևում պինդ էին մարդկային հատկանիշները։ Ցանկացած հարցով օգնելու պատրաստակամությունը, հյուրասեր լինելը ակնհայտ էր։ Մենք միշտ խոսել ենք հայկական հյուրասիրության մասին, նույնը տեսա և նրանց կենցաղում։ Ինձ անչափ դուր էր գալիս ընտանիքի նկատմամբ իրենց վերաբերմունքը, որտեղ նույնպես շատ ընդհանուր պատկերներ կային մեզ հետ։ Ծնողների և զավակների փոխհարաբերությունները, իրար նկատմամբ ջերմությունը, հոգատարությունը, նվիրվածությունը իրենց թոռնիկներին։ Սա հատկապես նշում եմ, քանի որ մեզ թվում է, որ աշխարհում այդ հատկությունները միայն մեզ է տրված, մեր մենաշնորհն է, հետո տեսնում ես, որ այդպես չէ։  Լիլիթ, Հայաստանում ստացածդ կրթությունը որքա՞ն Քեզ օգնեց, որ ուսումդ շարունակես Գերմանիայում։ Ինչպե՞ս էիր Քեզ զգում։

Լ.Գ.– Ես Գերմանիա գնացի գիտելիքների մեծ պաշարով, բեմական փորձառությամբ։ Իմ առաջին ուսուցչին եմ պարտական, Արկուհի Հարությունյանին, հետագայում՝ Սերգեյ Սարաջյանին։ 18 տարեկանում տեղափոխվեցի Գերմանիա, Ռոստոկ։ Ամենամեծ տարբերությունը, որ միանգամից ուշադրությունս գրավեց այն էր, թե ինչպե՞ս են մեզ մոտ պատրաստում երաժշտություն սովորող երեխաներին մինչ այդ տարիքը և ինչպիսի վերաբերմունք էր այդ հարցի նկատմամբ այնտեղ։ Ըստ ռուսական դպրոցի, եթե մինչև իմ այդ տարիքը որևէ մեկը լիովին չէր տիրապետում գործիքին, ապա կնշանակեր, որ իրենից լավ երաժիշտ դուրս չի գա և ավելորդ է շարունակելը։ Գերմանիայում հակառակը, գալիս է մի տարիք, որից հետո միայն որոշում են կայացնում, ուզո՞ւմ են դառնալ երաժիշտ, թե՝ ոչ։ Ես հիմա նաև դասավանդում եմ և տեսնում եմ, որ անչափ դժվար է, երբ մանկության ժամանակ չի դրվում ամուր հիմքը, այն տարիքում, երբ երեխան հեշտությամբ է ընկալում իրեն տվածը։

Մինչ Գերմանիա մեկնելս ես շատ հագեցած կյանքով եմ ապրել։ 11 տարեկանից «Նոր անուններ» ծրագրով շրջագայում էի և տասնյակ համերգներ նվագում։ Դա փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն էր մեզ համար։ Դեռ այդ տարիներին հասկացա, որ բեմը ոչինչ չի ներում, չի հարցնում՝ ի՞նչ տրամադրության մեջ ես, առո՞ղջ ես, թե՞ տաքություն ունես, մեկը նեղացրե՞լ է քեզ։ Բեմում դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Նույն գերհագեցած ռիթմով շարունակեցի Գերմանիայում։ Դիմում էի համակուրսեցիներիս, որ միասին հնարավորինս շատ կամերային երաժշտություն նվագենք։ Այդ ամենը խորթ էր իմ ուսուցչին, ով փորձում էր կանգնեցնել ինձ, ասելով, որ ես դեռ նոր եմ սկսում, դեռ նոր եմ ընդունվել։ Եվս մեկ տարբերություն մեր դպրոցների միջև։ Ես սովոր չէի, որ ինձ մշտապես գովեին։ Հիշում եմ, մի անգամ նույնիսկ հուսահատ հարցրեցի իմ սիրելի ուսուցչին՝ Սերգեյ Սարաջյանին, որ գուցե պատրաստ չեմ և չարժե մասնակցել գալիք մրցույթին։ Նա պատասխանեց, որ հակառակը, կխոսի այն դեպքում, երբ զգա, որ դեռ կատարելագործելու տեղ կա։ Գերմանիայում հակառակը, առաջին դասից ուսուցիչս գովում էր, fantastisch. Այժմ իմ ուսանողների հետ ես էլ եմ խիստ, որպեսզի իրենք սովորեն ճիշտ գնահատել իրենց վիճակը։

Ն.Դ.– Այնուամենայնիվ, երբեմն֊երբեմն երեխային քաջալերելը վատ չէ, ավելորդ չէ, եթե այն չափի մեջ է, որը կարող է ոգևորել մանկանը, երիտասարդին։ Եկանք դժվար հարցին։ Հայաստանում ստանալով լավ կրթություն, ի՞նչն էր նպատակդ, որ ուսումդ շարունակեցիր Հայաստանից դուրս։

Լ. Գ. -Տխուր բան եմ ասելու։ Հեռանկարները։ Հնարավորություն ստեղծելն էր հետագայում կատարողական գործունեություն ունենալու համար։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես չէի ուզում ընդամենը դպրոցում դաս տալ։ Ես նվագել էի ուզում։ Գերմանիան մշակութային կենտրոն է, երաժշտական ավանդույթներով։ Այդ մթնոլորտի կարիքն էի զգում։

Ն.Դ.-Այո, ցավալիորեն մեզ մոտ մի տարիք է գալիս, որից հետո այլևս բացվելու, տաղանդը առավելագույնս զարգացնելու հնարավորությունները սահմանափակվում են։ Բնական է, որ տաղանդավոր մարդը ավելիին է ձգտում և ոչ մի դրամա չկա, եթե նա ուզում է իր հորիզոնները մեծացնել։ Ստեղծագործող մարդու համար անհրաժեշտ է ճանաչել աշխարհը, մեծացնել գիտելիքների սահմանները։ Նա կարող է շրջել, տարբեր շփումներից և ուսուցիչներից սովորելուց հետո ի վերջո իրեն գտնել։ Շատ բան է կախված մեր անձնական ձգտումներից։ Մենք կարող ենք լինել Վենետիկում, բայց ամեն բան չոր տեսնել, ապրել Փարիզի կենտրոնում, բայց տեղյակ չլինել, թե կողքի փողոցում ի՞նչ կա։ Կարող ենք լինել հեռավոր մի գյուղում ու աշխարհը ունենալ մեր շուրջը։ Քո ձգտումը լայն տարածություններն էին։  Դու հրաշալի խոսում ես գերմաներեն։ Ես գերմանական երաժշտության մեջ լեզուն եմ զգում, որը մտածողություն է։ Քեզ համար նույնպե՞ս այդպես է։

Լ.Գ.– Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց այո, վստահ։ Օրինակ, Շումանը միշտ խաղ է արել լեզվից բխող երաժշտական ինտերվալների հետ, կառուցվածքի մեջ։

Ն. Դ. -Մալերը գրում է, որ եթե խոսքերով կարողանար արտահայտել իր զգացածը՝ կոմպոզիտոր չէր դառնա։ Իսկապես անհնար է երաժշտությունը խոսքերի վերածել։

Լ.Գ. -Ռոստոկի կոնսերվատորիայում միացված են երաժշտությունը և թատերականը։ Այս երկու ֆակուլտետները միասին ներկայացում էին կազմակերպում, որտեղ կար սյուժե և երաժշտություն։ Դերասանները երաժշտություն էին կատարում, մենք ՝ բեմականացնում պատմությունը։ Կարող է թվալ, որ երբ կա խոսք՝ այն ավելին կարող է ասել։ Ես հասկացա, որ ինձ համար դա այդպես չէ և որ երաժշտության միջոցով ես ավելին եմ ասում, քան՝ հակառակը։

Ն.Դ.- Մեր և դերասանների միջև ընդհանրությունը այն է, որ արտահայտչականության բացակայության դեպքում ո՛չ խոսքը տեղ կհասնի, ո՛չ էլ կատարած երաժշտությունը։ Լիլիթ, մեր կյանքը տարբեր թելադրողների շնորհիվ մշտապես զարգանում է որոշակի ուղղությամբ։ Մենք շատ ենք նյութականով ապրում, հոգևորը մի կողմ է քաշված։ Հոգևոր մարդը դառնում է քիչ գտնվող։ Այս ամենի մեջ երաժշտության և հոգևորի դերը ինչպե՞ս ես տեսնում։

Լ.Գ.– Ինձ թվում է երաժշտությունը, միևնույն է, վերջին փրկությունն է։ Երբեմն երաժշտությունն էլ են դարձնում նյութական արժեք։ Օրինակ, մարդիկ երբեմն գնում են Բեռլին ֆիլհարմոնիկի համերգին կամ Վագների բայրոիթյան փառատոնին՝ տոմսի համար վճարելով շատ մեծ գումարներ, բայց հիմնական նպատակը վագներյան երաժշտությունը լսելը չէ, այլ պարզապես այնտեղ գտնվելու փաստը։ Սրճարաններում ու ճաշարաններում երաժշտություն հնչեցնելը նույնպես համարում եմ նյութական։ Անչափ վատ եմ զգում, երբ մեքենայի կայաններում հնչում է դասական երաժշտություն։ Իհարկե, չեմ ցանկանում նաև բյուրեղացնել դասական երաժշտությունը և ասել, որ այն պետք է հնչի միայն բարձրակարգ դահլիճներում։ Այն բոլորի համար է, բայց որպես հոգևոր արժեք։ Բարձրակարգ երաժշտությունից մարդը հանկարծ հուզվում է և չի հասկանում, թե իր հետ ինչ կատարվեց։ Մի բան, որ ոչ մի նոր պայուսակ կամ հագուստ չի կարող նրան հասցնել այդ վիճակին, որ նա խորը զգացմունք ապրի։ Առանց արվեստի ընդհանրապես մարդը չի կարող ապրել։

Ն.Դ.– Այո, մարդը հոգևոր էակ է։ Երբեմն ոմանք, հարկապես երբ մասնագետի հետ են խոսում, զգաստանում են և ասում, որ դասական երաժշտություն չեն հասկանում։ Ես նրանց հանդարտեցնում եմ՝ ասելով, որ եթե այն խոսեց ձեր հոգու հետ, եթե դուք ոգևորման կամ հուզական պահ ապրեցիք, ուրեմն նման բան ասելը անիմաստ է։ Կուզեի խոսենք Մեծն Մարիայի մասին, ով ամեն իմաստով սովորելու աղբյուր է։ Դու ուսանել ես և ամուր կապով եք կապված այժմ։

Լ.Գ.– Այո, դա բախտավորություն է։ Ասել, որ Մարիան մեր օրերի մեծագույն դաշնակահարներից է՝ կնշանակի ոչինչ չասել, դա փաստ է։ Ինձ համար իր մեծությունը առավել ընդգծվում է իր պարզության հետ, մարդկային սկզբունքներով լեցուն կյանքում։ Մի օր իրեն ընթրիքի էինք հրավիրել մեր տուն, որտեղ ապրում էինք ուսանողներով։ Հետը բերել էր քսան հոգու համար իր իսկ պատրաստած ուտելիքները։ Մենք լվացքի մեքենա չունեինք, ասաց՝ ես կտանեմ, կլվանամ շորերը։ Երբեք իրեն չի վերադասել մյուսներից, երբեք չի ասել՝ ես հայտնի դաշնակահար եմ, ես, իմ ձեռքերը։ Այսպիսին է Մարիան ամենօրյա կյանքում, աշխարհի ամենատարբեր անկյուններում իր համերգների արանքներում։ Ինձ համար իրենից ստացած կարևորագույն դասերից մեկն էլ այն է, թե ինչպես երաժշտության միջոցով աշխարհը  դարձնել ավելի լավը և իր բազմաթիվ նախագծերն այդ նպատակին են միտված։ Օրինակ՝ Բելգաշում, Պորտուգալիայի հյուսիսում, որտեղ այժմ նա ապրում է, ղեկավարում է մանկատան երեխաների երգչախումբ, որտեղ երգը որպես բուժական միջոց, նրանց դարձնում է ավելի հանգիստ ու ազատ։ Երեխաները ջերմություն են զգում, իրենց օգտակար են զգում։

Իր փիլիսոփայության սյուներից է բոլորի կողքին որպես հավասար կանգնելը։ Իր դասերի ընթացքում, մեզ հետ ինքն էլ էր նվագում, որից հետո մենք պետք է շարունակեինք։ Նա այնքան լավ էր նվագում, որ ես մտածում էի. ո՞րն է իմ նվագելու իմաստը այսքան կատարելությունից հետո։ Դա ինձ համար մեծ դաս եղավ հասկանալու համար, որ հարցը լավի ու վատի մեջ չէ, այլ այն, որ ես պետք է նվագեմ իմ Բեթհովենը, իմ Բախը, դա պետք է լինի իմ կատարումը։

Ն.Դ.– Ամենակարևոր բանը, չձգտել նմանվել մեկին, այլ կարողանալ գտնել ինքդ քեզ, քո անհատականությունը։ Գյուլբենկյանում Քո համերգը ի՞նչ գործիքի վրա նվագեցիր։ Այնտեղ, եթե չեմ սխալվում, կան  մեկը մյուսից լավ, տեմբրներով տարբեր վեց գործիք։ Ամեն մենակատար ինքն է ընտրում, թե ո՞ր գործիքի վրա նվագի։

Լ.Գ. -Մեր համերգի համար իրենք արդեն դրել էին այն Steinway-ը, որով Մարիան սեպտեմբերին նվագել էր իր շուբերտյան համերգը։ Երբ փորձեցի, զգացի, որ Մոցարտի համար այնքան էլ հարմար ձայն չէր։ Կուզեի, որ վերևի նոտաներն ավելի զրնգուն լինեին։ Մարիան նույնպես նույն կարծիքին էր, և մենք գտանք Մոցարտին հարմար գործիքը։

Ն.Դ.– Այս հարցը հենց այնպես չեմ տալիս։ Մեր երկրում սա շատ ցավոտ հարց է։ Մեզ մոտ անգամ գլխավոր դահլիճներում չունենք որակյալ գործիքներ։ Այդ պատճառով բազմաթիվ դաշնակահարներ չեն համաձայնում համերգներ ունենալ Հայաստանում։ Որոշ հրաշալի դահլիճներում, որտեղ կարելի է լիակատար համերգներ անցկացնել, ընդհանրապես չկա դաշնամուր։ Չխոսենք շրջանների մասին։ Կուզենամ այս հարցադրումով մեր կառավարության ուշադրությունը սևեռել խնդրի վրա, որը անկեղծորեն անընդունելի վիճակ է հատկապես այն դեպքում, որ մենք հրաշալի երաժիշտներ ունենք, մեզ մոտ դասական երաժշտությունը լավ բարձունքի վրա է։ Կարծում եմ՝ մեր մենակատարները և ունկնդիրը արժանի են լավագույն գործիքներ ունենալուն։

Լ.Գ. -Շատ ցավալի է նաև, որ մեր երեխաները, ովքեր սովորում են, ընդհանրապես հնարավորություն չունեն լսելու և զգալու, թե ինչ ձայնային հնարավորություններ ունի դաշնամուրը, էլ չասենք նվագել որակյալ, լավ ձայն ունեցող գործիքի վրա, որը խթանում է գործիքի հետ կապվածությանը։ Մեր բախտը պարզապես բերում է, որ շատ տաղանդավոր և երաժշտական երեխաներ ունենք և դա մեր փրկությունն է։ Բայց շատ կարևոր է, որ նրանք ճանաչեն բարձրորակ ձայնը, հետո այն վերարտադրելու համար։ Սովետական ժամանակներում ընդունված էր ասել, որ գործիքը կարևոր չէ, նվագողն է կարևոր։ Դա բոլորովին այդպես չէ, որովհետև  անգամ ամենամեծ երաժիշտը չի կարող երանգներ ու գույներ ստանալ, եթե իր ձեռքի տակ կաթսա է։ Օրինակ, դեկտեմբերին համերգ ունեմ կամերային տանը, մի դահլիճ, որը անչափ սիրում եմ, բայց գործիքի հարցը շատ է անհանգստացնում և դա ավելորդ անհարմարություն և հուսահատություն է ստեղծում։

Ն.Դ.-Լիլիթ, երբ համերգ ես նվագում, ո՞ր դիրքերում է գտնվում քո Էգոն։ Դու և լսարանը։

Լ.Գ.– Իմ կատարումը բոլորովին տարբեր է, երբ ես ինձ համար եմ նվագում և հակառակը, երբ ներկա է ունկնդիրը։ Դա գիտակցական բան չէ, բայց նվագս փոխվում է։ Ես միշտ սիրել եմ բեմը և այնտեղ անխախտելի է ունկնդրի ներկայությունը։ Իմ անձնական հաճույքը նրանում է, երբ ես զգում եմ, որ կախարդանք է տեղի ունենում և կարողանում եմ իմ ձեռքում պահել լսարանը և իրենց տանել ինձ հետ։ Եվ դա ոչ թե իմ շնորհն է, այլ երաժշտության։ Ես միջնորդն եմ այդ դեպքում։ Դա իմ ամենամեծ հաճույքն է, որը տեղի չէր ունենա, եթե չլիներ հանդիսատեսը։

Ն.Դ.– Բայց գիտենք նաև, որ կան հատկապես շատ հայտնի երաժիշտներ, որոնք դուրս են գալիս բեմ և այնքան անտարբերությամբ են վերաբերվում ե՛ւ երաժշտությանը, ե՛ւ ունկնդրին։ Գուցե ողջ կյանքի ընթացքում բեմում լինելուց հոգնում են, որը հեշտ չէ բոլորովին և անսահման էներգիա է տանում մարդուց։ Դրա համար բեմից հեռանալու ճիշտ պահը զգալն էլ կարևոր է, հեռանալ՝  վաստակած անունը բարձր պահելով։ Դու հաջողակ մարդ ես, կարևոր հաղթանակներ ես գրանցել, բայց դեռ շատ անելիքներ կան, վստահ եմ։

Լ.Գ.– Այո, ես շնորհակալ եմ կյանքից, սկսած փոքր տարիքից՝ ստացել եմ ամենալավ կրթությունը։ Միշտ կողքիս եղել են մարդիկ, ովքեր հավատացել են ինձ։ Իհարկե, ունեմ մտքեր, ցանկություններ, որ ուզում եմ իրականացնել, բայց նաև գիտեմ, որ լիովին կենտրոնացումը մեկ մտքի վրա խանգարում է տեսնել կյանքի կողմից մեզ հրամցրած այլ հնարավորություններ։ Բաց լինել, տեսնել և ընդունել, ես այդպես եմ ապրում։ Կուզեի այս պահին Հայաստանի տաղանդավոր փոքրիկների համար դրսում համերգներով ելույթների հնարավորություն ստեղծել, այնպես, ինչպես ես եմ ժամանակին ունեցել։ Այդ ուղղությամբ արդեն աշխատում եմ Ռոստոկի կոնսերվատորիայի հետ։ Նաև կուզենամ ստեղծել իմ փառատոնը, որտեղ ինքս կարողանամ իմ ընտրած երաժիշտներին հրավիրել, ծրագրերը կազմել։

Ն.Դ.- Քեզ հաջողություններ եմ մաղթում, Լիլիթ։ Կյանքը ինձ սովորեցրել է, որ մեր երազները մեր ձեռքում են  և բավական է շատ ցանկանալ և նրանք իրականություն են դառնում։

Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ
«Դելլալյան եռյակի» ջութակահար

«Առավոտ» օրաթերթ
10.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Նարինե և Լիլիթ,
    Ձեր երկխոսությունից բարձրաթռիչ ճախրանքի զգացողություն ունեցա, որի բարձրությունից երևում է Ձեր ամենասիրելի կարոտի երկիր Հայաստան աշխարհը, որտեղից դուրս եք եկել բարձրումեծաշխարհ և Ձեր պաշտելու չափ սիրելի երկիր այլևս չեք կարողանում վերադառնալ այն պատճառով միայն, որ ԱՐԾՎԱԾԻՆ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ, ԱՅՆ ԲԱՐՁՐ ՈՒ ԱԶԱՏ ԹՌԻՉՔԻ ՏԱՐԱԾՔ ՉՈՒՆԻ ՈՒ ԴԵՌԵՎՍ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՃՈՒՏԻԿՆԵՐ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐԵԼՈՎ ՈՒ ՄԵԾ ԱՇԽԱՐՀ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ:
    Ձեր զրույցը վարպետության դաս է միայն Հայաստան երկրում գործող… մշակների… համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031