Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքաբեր. «Առավոտ» թերթը չէր կարող ենթարկվել պատասխանատվության»

Դեկտեմբեր 11,2019 13:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներից մեկը հաճախ անտեսվում է, մոռացվում հայրենի դատարանների կողմից: Այդ իրավունքի պահանջներից է, որպեսզի զրպարտության եւ վիրավորանքի գործերով հստակ տարանջատում լինի գնահատողական դատողության եւ փաստերի միջեւ՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումները բացառելու համար:

Իսկ դատարանը չէր կարող այդ պահանջը մոռանալ, քանի որ «Դասախոսների եւ լրատվամիջոցների գործով»  գործով պատասխանող Ն. Սարգսյանը իր հայցադիմումի պատասխանում նշել էր, որ հրապարակելով հոդվածներ՝ օգտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի երաշխավորած՝ իր ազատորեն արտահայտվելու իրավունքից եւ նպատակ չի ունեցել վիրավորել հայցվորներին: Բողոքաբեր դասախոսի տեղեկացմամբ, առաջին ատյանի դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե արդյոք իր՝ Ն. Սարգսյանի հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունները հանդիսանո՞ւմ են գնահատող դատողություն, թե՞ ոչ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ն՝ ընդդեմ Նորիկ Սարգսյանի, «Առավոտ» եւ «Հրապարակ» թերթերի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին գործով կայացրած սեպտեմբերի 25-ի վճռի դեմ բողոք է բերել պատասխանող, նախկինում նույն բուհի դասախոս Նորիկ Սարգսյանը:  Վճիռը Ն. Սարգսյանին է տրվել հոկտեմբերի 30-ին, հետեւաբար, Ն. Սարգսյանը հնարավորություն չէր ունեցել վճիռը բողոքարկել մեկ ամսվա ընթացքում: Նա խնդրել է վերաքննիչ քաղաքացիական դատարանին հարգելի համարել վճիռը բողոքարկելու համար սահմանված մեկամսյա ժամկետի բացթողումը, վերականգնել այն, հաշվարկել այն վճիռը ստանալու փաստացի պահից:

Հայցն առաջին ատյանի դատարանի վարույթում էր 2016թ. հուլիսի 21-ից:

ՀՊՏՀ ղեկավարությունը 2016 եւ 2017 թթ.՝ 5 հայցվորով, պատասխանող դասախոսի դեմ հայցեր էին ներկայացրել նշված դատարան։ 4 հայցվորները հրաժարվել էին հայցից, իսկ մեկը՝ ոչ։

Հիշեցնեմ, որ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կ. Աթոյանը, նախկին պրոռեկտորներ Պ. Քալանթարյանը, Մ.Հարությունյանը եւ ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանը 2016թ. հուլիսին եւ 2017թ. ապրիլին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցեր էին ներկայացրել՝ կախված 2016թ. հունիսի 14-ին «Առավոտ» օրաթերթում  տպագրված «Որտեղ է թաղված շան գլուխը», հուլիսի 1-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Միհրդատյան բարեփոխումները եւ կրթագիտական դեմագոգիան ՀՊՏՀ-ում» եւ 2017 թ. ապրիլի 11-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Կաշառքը սկսեցին բաժանել, երբ Եղեգնաձորում վայրէջք կատարեց Սերժ Սարգսյանի ուղղաթիռը» հոդվածների համար։ Հայցվորները պահանջել էին ներողություն խնդրել եւ վճարել դրամական փոխհատուցում։ 2018թ. հայցվորները հրաժարվել էին դրամական պահանջից, իսկ հետո նրանցից 4-ը՝ նաեւ հայցից։ «Իմ ներկայացուցչի՝ ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն ներկայացրած (05.02.2018թ.) միջնորդությունն արդեն մերժած դատավոր Է. Ավետիսյանի համար այն չէր կարող խոչընդոտ հանդիսանալ, քանզի նա բավարարեց ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանի հայցը՝ շրջանցելով նաեւ եղած փաստերի հետազոտման փուլը։ Դատավոր Է. Ավետիսյանն ընդհանրապես այդ հայցը չպիտի ընդուներ վարույթ, իսկ ընդունելուց հետո էլ պիտի մերժեր, քանզի մամուլի էջերում տպագրված ՀՊՏՀ-ին, մասնավորապես Լ.Մեհրաբյանին վերաբերող նյութերի բովանդակությունները 2011-2015 թթ. նախ ուղարկել եմ հայցվորներին, իսկ հետո՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳ նախարարին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին»,-«Առավոտին» հայտնել էր պատասխանող Ն. Սարգսյանը։

Վերջինս ասում է, որ իր հրապարակումների հիմքում ընկած են արժանապատվության, օրինականության ու հանրային գերակա շահի պաշտպանությունը. «Հայցն ընդունելով վարույթ եւ բավարարելով այն, փաստորեն  դատավոր Է. Ավետիսյանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերի պահանջները նույնպես։ Ավելին՝ հարգելի դատարանը, չնայած էլեկտրոնային եւ հեռախոսային զգուշացումներին, համառորեն չէր ցանկանում վճռի օրինակն ուղարկել ինձ՝ պատասխանողիս։ Վճիռը հրապարակելուց միայն մեկ ամիս անց է հաջողվել այն ստանալ։ Փաստորեն, հեղափոխությունը կանգ է առել դատաիրավական համակարգի շեմին ու առաջ չի գնում»:

Ն. Սարգսյանը 9 էջանոց բողոքով  պահանջում է բեկանել առաջին ատյանի վճիռը, փոխել այն, մերժելով հայցվոր Լ. Մեհրաբյանի հայցը:

Ըստ բողոքաբերի, «դատարանի վճիռն օրինական չէ, քանզի այն չի կայացվել տվյալ գործով կիրառելի օրենքների, օրենքների հոդվածների պահանջների պահպանմամբ: Դատարանի կողմից կայացված վճիռը հիմնավորված չէ, քանզի վճռում շարադրված եզրահանգումները եւ հաստատված փաստերը չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին, քանզի դրանք չեն հետազոտվել»:

Դատարանի վճռով հայցվորի պահանջն ուղղվել է «Առավոտ» օրաթերթի դեմ, այն դեպքում, երբ «Որտեղ է թաղված շան գլուխը. բաց նամակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին» հրապարակման հեղինակը Նորիկ Սարգսյանն է, հետեւաբար, ըստ բողոքաբեր նամակագրի, «դատարանը սխալ է կիրառել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթները, քանզի հաշվի առնելով վերոգրյալը, «Առավոտ» օրաթերթը չէր կարող ենթարկվել պատասխանատվության»:

«Մեր կարծիքով՝ սույն գործով դատարանը դրսեւորել է կանխակալ մոտեցում, ինչի արդյունքում չի իրականացրել բոլոր ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտություն: Կանխակալ մոտեցումը դրսեւորել է նաեւ վճռի՝ «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» հատվածի հետեւյալ գրառմամբ. «Ն. Սարգսյանը 2016թ. հուլիսի 1-ին «Հրապարակ» թերթում տպագրել է եւս մի զրպարտչական հոդված», այսինքն, որպես ելակետ, դատարանն արդեն որակում է տվել հրապարակված հոդվածներին»,-նշել է Ն. Սարգսյանը:  Սակայն ինչու «Առավոտը» այդ ելակետայինի համար պետք է հերքում տա, մանավանդ, այլ լրատվամիջոցում գրածի համար էլ:

Ստացվել է այսպիսի մի վիճակ. հայցվոր Լ. Մեհրաբյանի կողմից Ն. Սարգսյանին որեւէ բան հերքելուն պարտավորեցնելու պահանջ չի ներկայացվել, դատարանը փոխարենը պարտավորեցրել է «Առավոտին» Ն. Սարգսյանի անունից հրապարակել հերքում:

Դատարանին ամենեւին չի հետաքրքրել, թե ինչպես կարող է պատասխանողի անունից մեկ այլ պատասխանող «խլի» հերքման «հեղինակային» իրավունքը, մանավանդ, երբ նա բացակա է եղել նիստից, եւ չի տվել իր համաձայնությունը տվյալ բովանդակությամբ որեւէ տեքստ տպագրելու համար:

Բողոքաբերը դեռ անցյալ տարվա մայիսի 30-ի նիստում միջնորդել էր, որպեսզի հայցվոր բուհը դատարան ներկայացնի իր տիրապետության տակ գտնվող ապացույցները, որպեսզի հիմնավորեր իր կողմնից հրապարակված հոդվածներում նշված փաստական տվյալները, որպեսզի պարզ դառնար, որ ասվածը զրպարտություն եւ վիրավորանք չէր: Միջնորդությանը կցվել էին քսաներկու անուն ապացույցներ: Միջնորդությունը չէր բավարարվել, իսկ վճռում մի խոսք անգամ չկա այդ քսաներկու անուն ապացույցների մասին: Դատարանն անդրադարձել էր միայն հայցվորի ապացույցներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031