Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրատիսլավայի ուղերձը. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունք

Դեկտեմբեր 11,2019 12:00

Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հիշեցրեց 2016թ. ձեռքբերված պայմանավորվածությունները

Անցյալ շաբաթ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծել էին խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով: «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից»,- նշվել էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Այնուհետեւ անցկացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ միջնորդների ներկայությամբ: Նշվել էր, որ քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ «ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջեւ նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարեւորությունը: Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրությունում:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը արձանագրեց, որ Մնացականյանը եւ Մամեդյարովը քննարկել են հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը եւ՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը:

Ավելի ուշ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ անդրադառնալով նաեւ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին:

Իր ելույթում Մնացականյանը, մասնավորապես, շեշտեց, որ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի, ապա՝ հավելեց. «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն եւ միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ եւ որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչի մասին վկայում է նաեւ 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան»:

Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել էր նաեւ ադրբեջանական կողմից ավելի վաղ տարածած հուշագրին՝ նշելով. «Անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո, վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը»: Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծել էր, որ Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:

Բրատիսլավայի հանդիպումից առաջ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններին հետեւած ասուլիսի ժամանակ գոհունակություն էր հայտնել Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներից եւ հույս էր հայտնել, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Երկար ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարելի է ասել, հավասարակշռված հայտարարություն ընդունեց՝ Երեւանին եւ Բաքվին կոչ անելով բովանդակալից բանակցություններ վարել՝  առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների:

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) արձանագրեցին, որ շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը.

«Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում եւ միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը եւ շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ»:

Հայտարարության մեջ ողջունում էին անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ եւ ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին: «Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը եւ բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարեւոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական եւ անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել: Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարեւորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին»:

Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն, այսպիսով, հիշեցնում են 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, նրանք պահանջում են անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել: Սա, անշուշտ, դրական արձանագրում էր, եւ հայկական կողմը մշտապես պետք է ձգտի, որպեսզի Ադրբեջանի՝ 2016թ. պատերազմ սանձազերծելու հետեւանքով ստեղծված իրավիճակի պատասխանատվության հարցը՝ միջնորդ պետությունների հետ միասին ձեռքբերված համաձայնությունների կատարման պահանջը մշտապես արձանագրվի:

Այնուհետեւ միջնորդ պետությունները ողջունում էին Հայաստանի եւ Ադրբեջանի եւ արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը՝ «նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, եւ աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը»:

Ասվում էր նաեւ, որ պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար եւ երկարատեւ կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման եւ հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաեւ հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ.-ին:

Այստեղ եւս, խիստ կարեւոր էր այն հանգամանքը, որ միջնորդ պետությունները կրկին հիշեցրեցին ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման եւ հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները:

Ամփոփելով՝ պատվիրակությունների ղեկավարները եւս մեկ անգամ ընդգծել էին, որ ստատուս-քվոն անընդունելի է, եւ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետեւաբար, նրանք կոչ էին անում կողմերին՝ «բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների կամ պայմանների»:

Այստեղ, իհարկե, համանախագահող պետությունների կոչն ուղղված է երկու կողմերին, սակայն, ակնհայտ է, որ պայմաններ մշտապես առաջ է քաշել պաշտոնական Բաքուն՝ «նախ հայկական զորքերի դուրսբերում» պահանջով:

Ընդհանուր առմամբ, Բրատիսլավայի հանդիպումը հայկական կողմի համար կարելի է դրական բնութագրել: Պաշտոնական Երեւանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտում մնալով՝ չենթարկվել ադրբեջանական կողմի սադրանքներին, քարոզչական ճնշումներին: Այնպես պետք է վարվել, որպեսզի մշտապես՝ բանակցային գործընթացի տապալման պատասխանատվությունը մնա պաշտոնական Բաքվի վրա:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031