Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն». Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 10,2019 23:00

Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում և ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը և բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման և օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված և խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջև դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել և վերաձևակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն:

Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։

Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը և խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում և կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:

Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարևոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031