Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու կասկածանքով ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի համակիրներից մեկը, գյումրեցի գործարար՝ Շեկոն՝ Գարիկ Ուզունյանը, որի խանութները ևս գտնվում են այդ հատվածում։
Քիչ առաջ հայտնաբերվել ու ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը, որը նույնպես կասկածվում «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպին մասնակից լինելու մեջ։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ խմբի կազմում բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելը։
Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու պատճառով։
Կարդացեք նաև
Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանը քննադատության էր ենթարկել ՀՀ երկրորդ նախագահին, որի պատճառով էլ, ըստ նրա, քոչարյանականները՝ գործարար Շեկոն, նրա շրջապատի մարդիկ հաշիվներ են պարզել, «Ջավախք» խանութի դիմաց ծեծել իր ընկերոջը։
Շեկոյի ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, սակայն, կտրականապես հերքում է հաշիվներ պարզելու մասին Կարեն Սարուխանյանի հայտարարությունը, նշում, որ պատգամավորի ընկերոջ ու Շեկոյի միջև վիճաբանություն ծագել է կենցաղային հողի վրա, նրանք վաղուցվա ծանոթներ են, և որ գործարարի ձերբակալությունը նրա քաղաքական հայացքների համար է ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ shantnews.am-ի