ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկվեց «ծխելու դեմ պայքարի» անունը ստացած օրինագիծը, որով փակ եւ կիսափակ տարածքներում արգելվում է ծխելը:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց՝ ողջունում են ծխելու դեմ պայքարը, բայց գտնում են, որ օրինագծերի փաթեթում թերություններ կան. «Հիմա «դեմ» կքվեարկենք՝ ակնկալելով, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն»:
«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին արձագանքեց. «Կարծում էի՝ հակառակն եք ասելու: Եթե շտկելու բաներ կային, հնարավորություն տվեք: Ոչ մեկս չի հերքում դա, ուստի առաջարկում եմ առաջին ընթերցմամբ «կողմ» քվեարկել»:
«Կողմ» քվեարկեց 83, իսկ «դեմ»՝ 15 պատգամավոր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ 3200 փոքր վաճառակետեր դիմել են իրենց՝ խնդրանքով, որ ծխախոտի գովազդի արգելքն իրենց վրայից հանեն, քանի որ դա եկամտի աղբյուր է:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ