Ատոմակայանի աշխատակիցները պարբերաբար բողոքում են, որ իրենց աշխատավարձերը ցածր են: Այսօր Հայաստանի ատոմակայանում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի շրջայցի ժամանակ, աշխատակիցները կրկին դժգոհել են:
Ի՞նչ քայլեր են կատարվում ՀԱԷԿ-ի աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ, այս հարցին, այսօր ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը պատասխանեց, որ միջին աշխատավարձն ատոմակայանում 300 հազար դրամ է, բայց դա նախկին սակագնով. «Անցյալ տարի մի քանի կատեգորիաների բաժանվեցին եւ նվազագույնը 10 % եւ առավելագույնը մինչեւ 20 % աշխատավարձի բարձրացում եղավ: Դրա պարագայում, հիմա մեր միջին աշխատավարձը 360 հազար դրամ է»:
Մովսես Վարդանյանի համոզմամբ, չկա մի մարդ, որն ասի՝ իր աշխատավարձը բավարար է:
Ըստ ասուլիսին ներկա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի, ՀԱԷԿ-ի աշխատավարձերը բարձրացվել են 2019 թվականի ընթացքում, եւ սակագնային հաշվարկներով մեկ հաստիքի համար նախատեսված է 300 հազար դրամ. «Սակայն այս պահին 360 հազար դրամ է, բարձրացվել է ի հաշիվ օպտիմալացման աշխատանքների եւ այլ միջոցների հաշվին եւ այսօր ատոմակայանի աշխատավարձի ֆոնդը գերազանցում է սակագնային միջոցներով նախատեսված աշխատավարձի ֆոնդը, եւ ատոմակայանն իր դրամական հոսքերի կառավարման շնորհիվ առաջացած լրացուցիչ եկամուտներից լրավճարում է այդ լրացուցիչ աշխատավարձերը»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը պարզաբանեց նաեւ, թե ինչու են աշխատավարձերը ցածր ռուսական ատոմակայանների աշխատավարձերից: Նրա խոսքով, այսօր շահագործում ենք երկու բլոկանի ատոմակայան, անձնակազմը նախատեսված է երկու բլոկի համար, բայց աշխատում է մեկ բլոկը. «Այսինքն՝ մեկ բլոկի եկամուտներով վճարվում է աշխատող երկրորդ բլոկը: Մեր աշխատավարձերը միգուցե հնարավոր կլիներ մինչեւ կրկնակի բարձրացում ունենար, բայց էներգոհամակարգում ամենաբարձրը ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերն են: Մնացած բոլոր էներգոհամակարգի ընկերություններում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է՝ նախատեսված սակագնային միջոցներով: Բոլորինն ի հաշիվ վերջին օպտիմալացումների եւ դրամական հոսքերի կառավարմամբ առաջացած միջոցների հաշվին բոլոր ընկերություններում աշխատավարձերի բարձրացում տեղի է ունեցել»:
Հակոբ Վարդանյանի խոսքով, այդ 20 տոկոս բարձրացումը նախարարության եւ ատոմակայանի համատեղ աշխատանքի արդյունքն է եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ