«Պարոն Սիմոնյան, ասում եք, որ կոռուպցիայի դեմ մինչեւ վերջ պայքարելու եք: Բա արեք: Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մեկ էլ՝ Ռոբերտ Քոչարյան: Այս երկրում էլ օլիգարխներ չկայի՞ն: Մի տասնյակի էլ բռնել՝ բաց եք թողել: Բռնում՝ բաց եք թողում, բա բռնեք, բա դա ենք ասում»,-ԱԺ ամբիոնից այսօր խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին այս խոսքերով դիմեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Բարեփոխումներից եք խոսում այնպես, կարծես թե մենք դեմ էինք: Երբ խոսում էինք դատական բարեփոխումներից, առաջարկեցինք վեթինգ, մշակեցինք, գիտելիք ներդրեցինք, հետո որոշեցիք, որ հարցն ուրիշ ձեւ կլուծեք: Մենք ուզում ենք փոխվի ամեն ինչ, բայց ճիշտ ճանապարհով, ոչ թե սխալ»,-նշեց Գեւորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք` իր ելույթում այսօր Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր ՍԴ դատավորների համար կենսաթոշակ սահմանող օրինագծի վերաբերյալ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի քննադատություններին:
Գորգիսյանին դուր չի եկել Սիմոնյանի այն ձեւակերպումը, թե ընդդիմադիրներն ԱԺ ամբիոնից խոսափող են ծռում՝ «յութուբում» հայտնվելու համար. «Միայն դուք կարող եք խոսափող ծռել, հա՞: Մենք չենք ուզում, որ ՍԴ-ն լինի նույնը՝ ՀՀԿ-ի կամակատարների փոխարեն «Իմ քայլի» կամակատարներով, բայց ուզում ենք, որ իշխանությունը դրան հասնելու համար ճիշտ ճանապարհով գնա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ