Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ամփոփիչ ժողովին

Դեկտեմբեր 10,2019 17:15

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:

Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում Եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրբազանի խոսքով` հիմնադրամն իր գործունեությամբ իրականացնում է Քրիստոսի` միմյանց սիրելու կարևորագույն պատգամը:

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանքով անդրադառնալով 22 տարվա այն արգասավոր գործունեությանը, որ Մայր Աթոռի և Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից հաստատված Կլոր սեղան հիմնադրամն իրականացրել է Եկեղեցիների և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ` ծառայելով մեր ժողովրդի և հայրենիքի կարիքներին:

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների և թեմերի հետ արդյունավետ համագործակցությունը:

«Այս տարիների ընթացքում մենք հետևել ենք Կլոր սեղան հիմնադրամի աշխատանքներին և ուզում ենք բարձրորեն գնահատել այն նվիրումն ու հանձնառության ոգին, որ տիրում է այս կառույցից ներս: Իր գործունեությամբ հիմնադրամն արձագանքում է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են հանրային մեր կյանքում՝ փորձելով, Եկեղեցու հայացքներն ու դիրքորոշումները հիմք ունենալով, օգտակար ծառայություն բերել մեր ժողովրդին», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը մասնավորապես առանձնացրեց համայնքների համապարփակ զարգացմանն ուղղված սոցիալական ու կրթական ծրագրերը, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ու ժողովուրդների միջև հաշտությանն ուղղված «Հայաստանը և հարևանները» ծրագիրը, ինչպես նաև եկեղեցականների հովվական առաքելությանն ի նպաստ կազմակերպվող վերապատրաստման և փորձառության փոխանակման դասընթացները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ներկայացվեցին հաշվետու զեկույցներ ըստ հիմնադրամի գործունեության ոլորտների:

Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործընկեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մայր Աթոռի միաբաններ, թեմերում սպասավորող եկեղեցականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031