ԵԽԽՎ իրավական գործերի և մարդու իրավունքների կոմիտեն գտնում է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստական եզրակացությունների՝ Ադրբեջանում մի շարք անձինք ԵԽԽՎ սահմանմամբ «քաղբանտարկյալներ» են: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնելով, որ Դատարանի կողմից գտնվել է քրեական արդարադատության համակարգում քաղաքական դրդապատճառներով չարաշահման «անհանգստացնող օրինաչափություն», ինչպես նաև Դատարանի քննության տակ գտնվող նմանատիպ դեպքերի զգալի քանակը, կոմիտեն ասել է, որ «հիմնարար բարեփոխումներն անհրաժեշտ են, եթե Ադրբեջանը պատրաստվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները»:
Կոմիտեն «ողջունել է վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ իր քրեակատարողական, քրեական արդարադատության և դատական համակարգերի բարեփոխումների ուղղությամբ», չնայած շարունակում է «ոչ համոզիչ» մնալ այն, որ մինչ այժմ ձեռնարկված միջոցները բավարար կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջած արդյունքներին հասնելու համար»:
Կոմիտեն նաև համարել է, որ դատարանի վճիռները «հաստատել են առավել ընդգրկուն, մանրամասն և պարբերաբար թարմացվող ցուցակների արժանահավատությունը», և որ «այդ ցուցակներում ընդգրկված անձինք ենթադրաբար կարող են համարվել քաղբանտարկյալներ … Այս ենթադրությունը կարող է հերքվել, բայց միայն անկախ և անկողմնակալ մարմնի կողմից ուշադիր ուսումնասիրվելուց հետո»: Ադրբեջանի կողմից այդ մոտեցման ընդունումը «ցույց կտար առանձին գործեր լուծելու [իր] պատրաստակամությունը՝ առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության անհրաժեշտության», ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Ի թիվս այլ առաջարկությունների՝ կոմիտեն հորդորել է իշխանություններին ճանաչել «մտահոգիչ օրինաչափության» առկայությունը որպես «անհրաժեշտ նախապայման [Դատարանի] վճիռների լիարժեք և արդյունավետ իրականացման համար պահանջվող անհրաժեշտ միջոցների հաջողության համար»: Կոմիտեն նաև կոչ է արել Ադրբեջանի խորհրդարանին համագործակցել Ադրբեջանի հարցով զեկուցողի, իսկ Ադրբեջանի կառավարությանը՝ Նախարարների խորհրդի հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կոմիտեն հատկապես ուշադիր է եղել Իլգար Մամեդովի, Անար Մամադլիի և Ռասուլ Ջաֆարովի գործերի նկատմամբ. մասնավորապես, պետք է ապահովել, որ Մամեդովն ու Մամադլին կարողանան առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես թեկնածուներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ