Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ երկրներ կան, մենք նախանձով նայում ենք, որ ոչ մի բանից տոն են դարձնում, իսկ մենք տոնն անգամ դարձնում ենք ոչինչ». Սոֆիա Հովսեփյան

Դեկտեմբեր 10,2019 15:36

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անցավ, Аravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին հարցրեց՝ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններին հանդես էր գալիս «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով, հիմա կարո՞ղ եք ասել, որ այդ խոստումը կատարվել է՝ անհատն այսօր երջանի՞կ է, հանրությունը հոգատա՞ր է ու հզո՞ր է արդեն մեր պետությունը: Նա պատասխանեց, որ որեւէ խմբակցություն չի կարող մեկ տարվա ընթացքում խոստումները կատարել. «Բավականին լուրջ քայլեր արված են, որպեսզի երջանիկ հանրության փիլիսոփայությունը լինի եւ մարդու երջանկությունը՝ թե՛ հոգեկան, թե՛ ֆինանսական, տնտեսական բարեկեցության առումով: Այդ քայլերն արվում են շարունակական եւ մնացած խոստումներն էլ, որոնք ամրագրվել են կառավարության ծրագրով եւ ԱԺ նախընտրական ծրագրով, կարծում եմ, մեկ տարվա կտրվածքով բավականին մեծ թափով առաջ են գնացել: Թե որքանով է  հանրությունը երջանիկ, դրա գնահատողը ոչ թե մենք, այլ հանրությունը պետք է լինի 5 տարի հետո: Ես կարող եմ ասել, որ շատ շատերը երջանիկ են, բայց շատերը բոլորը չեն, շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի զգա այդ երջանկությունը»:

Սոֆիա Հովսեփյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիներն արդեն անհատ են, անկախ են, ոչ թե խաղալիքը ինչ-որ մեկի, կարող են անկաշկանդ բողոքել ու չպատժվել դրա համար. «Ճանապարհը, որ մենք գնում ենք՝ արժեհամակարգերի փոփոխության եւ ստեղծման, կարծում եմ, հիմնարար արդեն դրված է»:

Հարցին՝ գո՞հ եք խորհրդարանականների աշխատանքից, մասնավորապես, ձեր խմբակցությունից՝ Հովսեփյանը պատասխանեց, որ ինքն իրավունք չունի գնահատելու, դա պետք է գնահատեն ընտրողները:

Հարցին՝ «Իմ քայլի» նախընտրական խոստումներից էր պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, ասել էիք, որ որդեգրել եք այնպիսի մոտեցում, որ յուրաքանչյուր լումա թիրախային ծախվի, այնուամենայնիվ, էլի քննադատության առարկա են դառնում պետական մարմինների ծախսերը, մասնավորապես, վերջին օրինակներից է ամանորյա ծախսը Երեւանի քաղաքապետարանի, 700 հազար դոլարի հատկացումը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ այս խոստումը չեք կատարել՝ Սոֆիա Հովսեփյանը պատասխանեց. «Երբ ծրագիրն ենք նայում ու ծանոթանում ենք, թե ինչպիսի առաջարկ են մեզ տալիս ու ծախսերն իր հետ համատեղ, իրենք համահունչ են, այլ բան է, թե արդյոք մենք ունե՞նք այդ ծախսերն այսօր իրականացնելու կարիքը: Մենք մի օր պիտի ունենանք ու պիտի հասնենք նրան, որ բավականին մեծ գումար պետք է ամանորյա ծրագրի համար ծախսվի ու յուրաքանչյուր մարդու ուրախությունը կարեւորվի: Հարցը նրանում է՝ մենք արդյոք այսօր իսկ ունե՞նք: Կարծում եմ, այն չափաբաժինը, որ վերցված է, միգուցե բյուջեն բավարարել է, որ տրվել է, բայց կարող էր ավելի սեղմ լինել»:

Հետո տիկին Հովսեփյանը հավելեց, որ քաղաքացիների խնդիրները չեն անտեսվում, իսկ արժեհամակարգի ձեւավորման համար նմանատիպ բարձրակարգ միջոցառումներն անհրաժեշտ են. «Չհամեմատենք՝ պե՞տք է, թե՞ ոչ: Այո, պետք է, որովհետեւ հոգեկան հանգստությունը կարեւոր է, եթե մենք անընդհատ մտածենք՝ տոնենք, թե չտոնենք, շատ երկրներ կան, մենք նախանձով նայում ենք, որ ոչ մի բանից տոն են դարձնում, իսկ մենք տոնն անգամ դարձնում ենք ոչինչ մեր քննադատական մտածողության պատճառով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031