Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:
Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ