Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ անվտանգության տեսանկյունից արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա, եթե 2026 թվականից հետո էլ որոշեն, որ 2-րդ էներգաբլոկը պետք է շահագործվի մինչեւ 2036 թվականը:
Նշենք, որ այս պահին արդիականացվող 2-րդ էներգաբլոկի շահագործումը նախատեսված է մինչեւ 2026 թվականը:
Ատոմակայանի տնօրենն ի պատասխան ասաց, որ ատոմային կայանը սարքավորումների, տեխնոլոգիական համակարգերի մի համակցություն է եւ կան սարքավորումներ, որոնք հնարավոր է աշխատանքի ընթացքում վերանորոգել, փոխել. «Դուք տեսաք տուրբինային արտադրամասում, շատ սարքավորումներ ուղղակի փոխել ենք: Բայց կան սարքավորումներ, որոնք միջուկային էներգետիկայի համար համարվում են անփոխարինելի, որից մեկը՝ ռեակտորի իրանն է: Եթե ռեակտորի իրանի հետ խնդիր ունենք, ուրեմն այդ բլոկը չպետք է աշխատի»:
Ատոմակայանի տնօրենը հավելեց, որ երեսուն տարի շահագործումից հետո, կյանքի երկարացման ծրագրի շրջանակներում, կատարվել են համալիր հետազոտություններ, ռեակտորի իրանի ստուգումներ՝ 2016, 2019 թվականների կարգավորող մարմնի պահանջով. «Լրացուցիչ ստուգում կատարեցինք ռեակտորի իրանի եւ մեր կայանի գլխավոր կոնստրուկտորը՝ ռուսական «Հիդրոպրես» ընկերությունը կատարել է հաշվարկներ եւ ունենք որոշակի հիմնավորում՝ մինչեւ 26 թվական եւ հետագա: Մենք պետք է կատարենք ռեակտորի իրանի թրծում, դա համարվում է մետաղի նախնական վիճակին բերելը: Թրծումից հետո կարող ենք եւս երկար աշխատել: Առանց անվտանգության հիմնավորման՝ ռեակտորի հետագա շահագործումը չի լինի»:
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե անվտանգության համակարգերը հին են, ժամանակակից չեն, պարոն Վարդանյանն ասաց, որ նոր կառուցվող 1000-1200 ՄԳՎ-անոց ատոմակայաններն ունեն առնվազն երեք կամ, նույնիսկ, չորս անվտանգության համակարգեր: «Մեր նախագիծը նախկինում մեկ անվտանգության համակարգով էր, մենք հիմա ունենք լիարժեք երկու անվտանգության համակարգեր, որոնք գործող կայանների համար միջազգային ստանդարտներով ընդունելի տարբերակ են»,-ասաց ՀԱԷԿ-ի տնօրենը:
Կարդացեք նաև
Նա հաստատեց, այն տեղեկությունը, որ մեր ռեակտորը չունի պաշտպանիչ «գմբեթ». «Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, որեւէ ատոմակայան ռազմական հարվածից պաշտպանված չէ, այդ թվում Հայկական ատոմակայանը: Ցանկացած երկրում «գմբեթը» (купол) պաշտպանում է, եթե վթարից ինքնաթիռ, թռչող որեւէ օբյեկտ ընկնի: Ես ձեզ երկրորդ գաղտնիքն ասեմ՝ հիմա կան ավելի մեծ ինքնաթիռներ, «A 380»-ի տիպի, որից շատ ատոմակայաններ պաշտպանված չեն: Դրանք պաշտպանված էին Բոինգ 737-ից: Մեր կայանը չունի պաշտպանիչ «գմբեթ» եւ այդպիսի ռազմական հարվածներից կայանը պաշտպանված չէ»:
Հարցին՝ չի՞ նախատեսվում, Մովսես Վարդանյանը պատասխանեց՝ չէ, նախատեսվում է, որ Պաշտպանության նախարարությունը մեզ կպաշտպանի, ինչպես եւ ձեզ:
ՀԱԷԿ-ի տնօրենն ասաց, դա ոչ թե ծախսերի, այլ՝ տեխնիկական հնարավորությունների հետ է կապված. Տեխնիկապես հնարավոր չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ