Այսօր Հայաստանի ատոմակայանում շրջայց կատարելուց հետո ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Պապիկյանն ասաց, որ Ռուսաստանը համաձայնել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի ժամկետը երկարացնել մինչեւ 2020 թվականը: Նախարարի խոսքով, այս տարվա ընթացքում քննարկել են վարկի երկարացման խնդիրը. «Այս պահին ունենք փոխհամաձայնություն եւ ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է: Հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են եւ, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարեւորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժեշտություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչեւ 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել ավարտին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ