Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկել եւ գործող էներգաբլոկը կաշխատի մինչեւ 2026 թվականը: Այսօր ՀԱԷԿ-ում՝ Հայաստանի ատոմակայանում կազմակերպված ասուլիսում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այցելել էին Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայան՝ շրջայցի:
Սուրեն Պապիկյանի խոսքով, հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների նախագծեր ունեն, բայց դրանք դեռեւս գործարկված չեն. «Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն, Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչեւ 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչեւ 2036 թվականը»:
Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք 2-րդ էներգաբլոկի արդիականացումից հետո դիտարկվում է այն շահագործել մինչեւ 2036 թվականը, Սուրեն Պապիկյանն ի պատասխան ասաց. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց գոնե իր հնարավորությունները դա թույլ են տալիս»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ