Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուտքերի աճի տեմպի ռեկորդային անկում է գրանցվել հատկապես հոկտեմբերին. աճի տեմպը գնալով նվազում է. «168 ժամ»

Դեկտեմբեր 10,2019 12:53

Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ կատարել է «հեղափոխությունից» առաջ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ իր տված հայտնի խոստումը, մուտքերի աճի տեմպը գնալով նվազում է։ Հիմա արդեն այն այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր 3-4 ամիսներ առաջ։

Մուտքերի աճի տեմպի ռեկորդային անկում է գրանցվել հատկապես հոկտեմբերին, հաջողվել է ապահովել 117,6 մլրդ դրամի եկամուտ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը 113,7 միլիարդ էր։ Տարբերությունը մեծ չէ, հազիվ 3,9 միլիարդ դրամ։ Հոկտեմբերին մուտքերն ավելացել են ընդամենը 3,4 տոկոսով։ Սա այս տարվա հարկային մուտքերի աճի ամենացածր ցուցանիշն է։ Որքան էլ հաջողվել է մի քանի միլիարդով ավելի եկամուտ հավաքել, այնուհանդերձ, աճն այլևս նախկինը չէ։

Հիշեցնենք, որ մի պահ ՊԵԿ-ին հաջողվում էր մուտքերի ռեկորդային բարձր ցուցանիշներ ապահովել։ Ասենք՝ ապրիլին նախորդ տարվանից 31 տոկոսով ավելի գումար հավաքվեց։ Մայիսին աճը կազմեց 22,3 տոկոս։ Հետագայում թեև աճի տեմպը գնալով նստեց, այնուհանդերձ, այն շարունակեց մնալ երկնիշ։

Արդեն հոկտեմբերին աճը կազմեց ընդամենը 3,4 տոկոս։ Թե ո՞րն է եղել աճի տեմպի նման կտրուկ անկման պատճառը, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Մի բան փաստ է, որ դա տեղի է ունեցել հարկային մուտքերի աճի վրա այս տարի էական ազդեցություն թողած հիմնական գործոններից մեկի պահպանման պայմաններում։ Խոսքն ավտոմեքենաների ներկրումների մասին է։ Տարեվերջին ընդառաջ տրանսպորտային միջոցների ներմուծումը շարունակում է ավելանալ ու ավելանալ, ինչը բավական լուրջ եկամուտներ է ապահովում բյուջեի համար։

Եվ այդ պայմաններում հոկտեմբերին հաջողվել է նախորդ տարվանից ավելի հավաքել ընդամենը 3,9 մլրդ դրամ։

Իսկ ո՞ւր է տնտեսական աճի ազդեցությունը։ Չէ՞ որ, պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանի տնտեսությունը պակաս բարձր ակտիվություն չի ցուցաբերում։

Տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական աճը հասել է 7,5 տոկոսի, իսկ 10 ամիսների արդյունքներով՝ արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն։ Ու դա, ուզած թե չուզած, պետք է արտահայտվեր նաև հարկային եկամուտների վրա։ Եթե տնտեսությունն աճում է, դրան համաչափ՝ ավելանում են նաև գոյացող հարկերը։ Դեռ չհաշված հարկային օրենսդրության փոփոխությունները և գնաճը։

Այս պայմաններում հոկտեմբերին արձանագրված 3,4 տոկոսանոց աճը խիստ տարօրինակ է։ Եթե, իհարկե, այստեղ այլ հարակից ազդեցություններ չեն եղել։ Ասենք՝ ինչպես է ստացվել, որ այս տարի ավելացված արժեքի հարկից բյուջեի եկամուտները շատ ավելի քիչ են եղել, քան անցած տարի։ Ընդ որում, տարբերությունը բավական մեծ է. անցած տարվա հոկտեմբերին այդ հարկատեսակի մուտքերը կազմել էին 41,8 միլիարդ, այս տարի՝ 32,3 մլրդ դրամ։ Թվում է, թե հակառակը պիտի լիներ։

Կամ ինչպե՞ս է եղել, որ սեպտեմբերին նույն ԱԱՀ մուտքերը գերազանցել էին նույնիսկ 42,6 մլրդ դրամը, իսկ հոկտեմբերին իջել են 32,3 միլիարդի։

Ի դեպ, հոկտեմբերին հարկային մուտքերը 24 մլրդ դրամով կամ 17 տոկոսով պակաս են եղել նախորդ ամսվանից։

Իհարկե, մեկ ամսվա տվյալները բավարար չեն հարկային մուտքերի վերաբերյալ հեռուն գնացող դատողություններ անելու համար։ Բայց փաստ է, որ աճի տեմպը գնալով նվազում է։ Տարեսկզբի 10 ամիսների ցուցանիշներն այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ընդամենը 4 ամիս առաջ, երբ առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելուց հետո ներկայացնում էր վարչապետը։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031