Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (TRACECA) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ Բաքու մեկնած պատվիրակությունը նախօրեին վերադարձել է Երեւան։
Ու չնայած միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստի ընթացքում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ Հայաստանից մեկնած պատվիրակների (ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյան եւ ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյան) անվտանգությունը Ադրբեջանում ապահովված է եղել 24-ժամյա ռեժիմով։ Այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
– Պարոն Սիմոնյան, ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը եւ զգացողությունը Բաքվում։ Ձեր անվտանգության առումով մտավախություն ունեի՞ք։
– Պետք է ասեմ, որ անվտանգության առումով շատ բարձր մակարդակի էր ամեն ինչ կազմակերպված։ Հենց օդանավակայանից մեզ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ դիմավորեցին։ Մենք կանգ էինք առել «Հիլթոն» հյուրանոցում. 24-ժամյա ռեժիմով մեր համարի մոտ հերթապահում էին, վերահսկում մեր ամեն քայլը։ Մինչ մեկնելը մենք նոտա էինք ստացել իրենց անվտանգության աշխատակիցների կողմից, որ մեր անվտանգությունը ապահովվելու է. իհարկե ամեն ինչ կարող էր լինել, բայց ամեն ինչ լավ անցավ։
Կարդացեք նաև
– Լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպ է տեղի ունեցել ձեր եւ ադրբեջանցի մասնակիցների միջեւ։
– Նիստը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին. ամեն երկրին մոտ 5 րոպե էր հատկացված, որպեսզի ներկայացնեն, թե TRACECA -ն ինչ է տվել իրենց, ինչ խնդիրներ կան։ Տրամադրված ժամանակի շրջանակներում ես բարձրացրի նախատեսվող միջոցառումների հարցը, թե ինչու է օրակարգում ներառված այցելություն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ, ինչ կապ ունի դա TRACECA-ի օրակարգի հետ։ Այսինքն՝ խոսեցի կառույցի էֆեկտիվության մասին՝ ընդգծելով, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել այն բարձրացնելու ուղղությամբ։ Այդ համատեքստում խոսեցի նաեւ այն մասին, որ Եվրախորհուրդը ժամանակին ֆինանսավորում էր այդ կառույցը, հիմա ֆինանսավորում չկա։ Հարցրի՝ արդյո՞ք չէր լինի բեռնափոխադրումների այն ծավալը, որ գոյություն ունի այդ կառույցի անդամ երկրների միջեւ, եթե չլինի TRACECA-ն։ Այսինքն ո՞րն է TRACECA-ի դերը այդ բեռնափոխադրումների ծավալների մեջ։
Ինձ արձագանքեց Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, բայց ոչ թե անմիջապես, այլ այն ժամանակ, երբ բոլորը իրենց ելույթները ավարտեցին։ Այդ ընթացքում երեւի տեքստ պատրաստեցին, բերեցին դրեցին Ջաբարովի դիմաց, ինքն էլ սկսեց խոսել։ Ջաբարովը ՀՀ պատվիրակությանը հրավիրեց այցելել նաեւ Հեյդար Ալիեւի կենտրոն, շատ նոր բաներ իմանալ Իրեւանի (Երեւանի) խանության եւ հիմնադրման պատմության մասին։ Այս անգամ չասացին, որ Երեւանը ադրբեջանական ծագում ունի։ Ասաց նաեւ, թե իբր մենք դժգոհ ենք օրակարգից, որովհետեւ առաջին անգամ ենք տեսել Բաքուն եւ զարմացած ենք։
– Ի՞նչ նկատի ուներ։ Ինչի՞ց էիք զարմացել։
– Դե, նկատի ուներ երեւի, որ քաղաքում շինարարություն է գնում, լուրջ գումարներ են ներդրվում։ Իհարկե կենտրոնական հատվածը, որտեղ մենք կանգ էինք առել, եվրոպական քաղաքներին համահունչ կառուցված էր, բավականին գեղեցիկ քաղաք էր, բայց դա մեր բարձրացրած խնդրի հետ կապ չուներ։ Մենք խոսում էինք այն մասին, թե ինչու են քաղաքականացնում այդ նիստը, իրենք իրենց պատասխանով հաստատեցին, որ մեր բարձրացրած խնդիրը գոյություն ունի։
– Ի վերջո գնացի՞ք պատվո հուղարկավորության պուրակ։
– Ոչ, մենք չգնացինք։
– Միայն դո՞ւք բոյկոտեցիք։
– Այո, ուրիշ բոյկոտողներ չկային։ Այդ նույն օրը երեկոյան պլանավորված էր նաեւ ընթրիք Ադրբեջանի կառավարության կողմից, դրան մասնակցելուց մենք նույնպես հրաժարվեցինք՝ չնայած անվտանգության աշխատակիցները (որոնց հետ էր նաեւ իրենց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը), փորձում էին այնպես անել, որ գոնե 5-10 րոպեով մտնենք։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում