Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կովկաս. բարեկամական կապեր եւ ազգային անվտանգություն

Դեկտեմբեր 10,2019 22:00
kovkas

Թավշյա հեղափոխությունն էապես ընդլայնեց հայկական դիվանագիտության հնարավորությունները` զարգացնելու կապերն արտաքին աշխարհի հետ, առաջնորդվելով բացառապես ազգային շահերով, եւ բարելավելու մեր տարածաշրջանի անվտանգության միջավայրը։

Իրադարձությունները հետխորհրդային տարածքում, անկախ պետականություն չունեցող ժողովուրդների, էթնո-կրոնական հանրույթների ազգային ինքնագիտակցության, կրոնա-մշակութային վերելքը, գիտելիքահեն կացույթի ձեւավորման գործընթացները եւ ցանցային ինքնակազմակերպման հնարավորությունների աննախադեպ ընդլայնումը գլոբալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխության պայմաններում մեզ հուշում են, որ ֆորմալ, բյուրոկրատական տրամաբանությամբ, «սովորական» հունով հարաբերությունները այլեւս համարժեք չեն այդ գործընթացներին։

Այդ իմաստով հայկական դիվանագիտության համար (հետայսու դրա տակ պետք է հասկանալ ոչ միայն դիվանագիտական գերատեսչության գործունեությունը, այլ շատ ավելի լայն՝ նաեւ հասարակական, կրթա-մշակութային, տեղեկատվական ինստիտուտները եւ ցանցերը, տնտեսվարող սուբյեկտները եւ այլն) օբյեկտիվորեն բացվել է մի նոր եւ բարդ ուղղություն, որը, չափազանց կարեւոր լինելով ազգային անվտանգության տեսակետից՝ գրեթե կատարյալ «խոպան» է։ Դա Հյուսիսային Կովկասն է, որը տասնյակ խիստ տարբեր, բայց եւ դարավոր կապերով միահյուսված ժողովուրդների հայրենիքն է, գտնվում է ռուսական տիրապետության ներքո, եւ այնտեղ ապրում է ընդհանուր առմամբ շուրջ 15 միլիոն մարդ, այսինքն՝ Հայաստանից հինգ անգամ շատ, ավելի քան կրկնակի ավելի, քան Հայաստանը եւ Վրաստանն իրար հետ վերցրած։

Չնայած նրան, որ հայերը եւ Կովկասի ժողովուրդներն (Չերքեզներ, Չեչեններ, Ինգուշներ, Օսեր, Դաղստանի տասնյակ մեծ եւ փոքր ժողովուրդներ՝ Ավարներ, Լեզգիներ, Դարգինցիներ, Լակեր եւ այլ) ունեն դեռ Միջնադարից եկող կապեր, որոնց ակունքները գալիս են դեռ Մեսրոպ Մաշտոցի եւ Մովսես Խորենացու ժամանակներից, սակայն, ներկայիս ակտուալ քաղաքականության մեջ, իներցիայով, այդ կապերը հասարակական-քաղաքական բովանդակություն առայժմ չունեն եւ չեն ձեռք բերում, եթե չհաշվենք բավականին նեղ մտավորական շրջանակների ջանքերը Հայաստանում եւ Հյուսիսային Կովկասում կամ համապատասխան սփյուռքներում։

Հայաստանում սկսեցին այս ուղղությամբ մտածել անկախությունից հետո Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության բերումով։ Եվ երբ առանձին անհատներ մտավոր խիզախություն ունեցան կոտրել իներցիան եւ կարծրատիպերը, պարզ դարձավ այն իրողությունը, որ ռուսական տիրապետության, առավելապես սովետական իշխանության տարիներին Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների թուրքացումը (իրանական ծագմամբ թալիշների, կովկասյան ծագմամբ ավարների, լեզգիների, ուդիների եւ այլ) եղել է Մոսկվայի քաղաքականությունը, որի նպատակն էր նոր՝ ադրբեջանցի ազգի ձեւավորումն Ադրբեջան կոչվող կաթսայում, ինչն ամբողջությամբ համընկնում էր Բաքվի տեղական վարչական վերնախավի շահերին։ Արդյունքում ուծացումը հասել է ահռելի ծավալների, եւ նրանց պատմա-մշակութային ժառանգությունը պարզապես «գիտականորեն» եւ գործնականում գողացվել եւ յուրացվել է։

Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Բաքվի կառավարիչները ջանք ու եռանդ չէին խնայում «նոր ինքնությունն» արդեն անկախ պետության պայմաններում կառուցել հայատյացության վրա եւ տեղաբնիկ ժողովուրդներին թշնամաբար տրամադրել ընդդեմ հայերի։ Ադրբեջանը դրանով չէր սահմանափակվում. Հայաստանի եւ հայերի դեմ թշնամություն հարուցվում էր նաեւ Իսլամական եւ Թյուրքական աշխարհում, ինչը մեծ հաշվով հաջողություն չունեցավ լայն հանրային ընկալման տեսանկյունից։ Բացառություն կազմեց Թուրքիան, միանգամայն հասկանալի, նաեւ Պակիստանը՝ միանգամայն անհասկանալի, իսկ Սաուդյան Արաբիայի հետ մինչ օրս դեռ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, 1993-ին՝ ադրբեջանցի ղեկավարներին հաջողվեց մոլորության արդյունքում ընդդեմ հայերի պատերազմի մեջ կարճ ժամանակով ներքաշել մի-քանի հարյուր աֆղանցիների եւ մի-քանի տասնյակ չեչենների, որոնք շատ շուտ համոզվեցին, որ սա ոչ միայն իրենց պատերազմը չէ, այլեւ իրենց «դաշնակիցն» այն չէ, հանուն որի արժե զոհվել, եւ միտված է ընդամենը շահագործել նրանց մարտական ոգին (այնպես, ինչպես մի-քանի տասնյակ ուկրաինացիների պարագայում), փորձելով համոզել, որ իբր հայերը պատերազմում են ընդդեմ Իսլամի եւ «միավորվել են ռուսների հետ» ընդդեմ իրենց, մինչդեռ ռուսներից նրանք վեց անգամ ավելի զենք էին ստացել, քան հայկական կողմը, չհաշված ռուսական անմիջական մասնակցությունը ադրբեջանցիների գործողություններին…

Եթե հայկական դիվանագիտությունն Իրանի հետ ի սկզբանե կառուցել է խորը, բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններ, այժմ շեշտակիորեն ինտենսիվացրել է գործունեությունը Արաբական Աշխարհի, Կենտրոնական Ասիայի երկրների ուղղությամբ եւ հասել բարեկամական, հարթ հարաբերությունների, որտեղ հին եւ նոր հայկական համայնքներն անխոչընդոտ գործում են, իսկ ներկա փուլում ձգտում է քաղաքական եւ տնտեսական բովանդակություն հաղորդել այդ հարաբերություններին, ապա Հյուսիսային Կովկասի եւ Ադրբեջանի իրողությունների առանձնահատկություններն այլ բնույթի քայլերի անհրաժեշտություն են ենթադրում։

Երեւանի պետական համալսարանը եւ ՀՀ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը փայլուն համատեղ աշխատանք կատարեցին, օրերս Երեւանում կազմակերպելով մեծ համաժողով, նվիրված Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներին, նրանց պատմությանը եւ մշակույթին, իրականությանը եւ ադրբեջանական կեղծիքներին, հրավիրելով ծնունդով Ադրբեջանից եւ Հյուսիսային Կովկասից ավարների, թալիշների եւ լեզգիների, որոնց համայնքները Ադրբեջանի տարածքում ենթարկվում են բոլոր առումներով դաժան խտրականության եւ ուծացման՝ թյուրքացման։

Բացի դրանից, չափազանց կարեւոր նախաձեռնություններ է սկսել իրականացնել մեր Մատենադարանը, որտեղ կուտակված են հայերեն, արաբերեն, պարսկերեն, նաեւ այլ լեզուներով ձեռագրեր, որոնք առաջին գրավոր պատմական վկայություններն են բազմաթիվ ժողովուրդների մասին, նրանց եւ հայերի միջեւ բազմակողմանի կապերի մասին։ Այդ ձեռագրերը ահռելի դեր կարող են ունենալ կովկասյան ժողովուրդների իրական՝ դիցաբանությունից զերծ, ժամանակակից գիտական չափանիշներին համապատասխան պատմագիտության զարգացման համար։ Երեւանի Մատենադարան այցելեց վերջերս Չեչենական հանրապետության բարձաստիճան պաշտոնյաներից մեկը, որն ուղղակի զարմացած էր, թե որքան չուսումնասիրված աղբյուրներ կան այդտեղի պահոցներում, իսկ օրերս պայմանագիր կնքվեց Մատենադարանի եւ Ինգուշական պետհամալսարանի միջեւ համագործակցության մասին, եւ ինգուշ մասնագետները կսկսեն ուսումնասիրել իրենց հետաքրքրող ձեռագրերը։

Այս գործընթացը, տարածում ստանալով՝ ընդունակ է իրապես նոր էջ բացել կովկասյան ժողովուրդների ինքնաճանաչման, աշխարհի կողմից նրանց ընկալման, նրանց նկատմամբ անարդար վերաբերմունքի փոփոխման ճանապարհին։

Դրա հետ մեկտեղ, մեր տարածաշրջանը, Հյուսիսային Կովկասն էլ ներառյալ՝ այլեւս չի կարող ընկալվել որպես ծայրագավառ եւ «պերիֆերիա», ոչ էլ «քաղաքակրթության լուսանցք», որտեղ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող տեղի ունենալ քաղաքակիրթ աշխարհում։ Լինելով ճանապարհների խաչմերուկին, այդ թվում՝ տարբեր օտար նվաճողների եւ քոչվորների համար, այդ ժողովուրդներին ուծացումից եւ վերացումից դարերով փրկել են ավանդույթը, լեռները եւ մարտական ոգին։ Սակայն, 21-րդ դարը, լինելով գիտելիքի, տեղեկատվության, հաղորդակցության նո՛ր մշակույթի, ինքնաճանաչողության դարաշրջան, դնում է նոր պահանջներ, առաջ է բերում նո՛ր մարտահրավերներ, որոնց հաղթահարումը հնարավոր է համատեղ, մանավանդ երբ խոսք է գնում մեր հարեւան, բարեկամ Վրաստանի անմիջական հարեւան ժողովուրդների մասին։ Այդ իմաստով, անխուսափելիորեն, մեծ անելիք ունի նաեւ պատմականորեն Կովկասի սրտում գտնվող, եվրաատլանտյան ինտեգրման ուղին ընտրած Վրաստանը։

Այսօր առկա են բոլոր հնարավորությունները կրթական, գիտական, մշակութային ոլորտում լայն համագործակցության ծավալման համար, եւ Նոր Հայաստանը ցույց է տալիս, որ ունի զգալի հումանիտար եւ մտավոր ներուժ, որը բաց է բարեկամների համար։ Սա կարեւոր գործոն է Հյուսիսային Կովկասի հասարակությունների հետ ուղղակի, չմիջնորդավորված, ապատեղեկատվությունից, կարծրատիպերից, բարդույթներից մաքրված՝ բարեկամական, ժամանակակից, քաղաքակիրթ, դարին համահունչ հարաբերություններ ձեւավորելու համար։ Մենք շատ բան ունենք իրար ասելու։ Դա բխում է նաեւ մեր ազգային անվտանգությունից։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031