Համացանցային անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագետներից մեկը հորդորեց, որ հայ հանրությանը փոխանցենք՝ 2020 թ. հունվարի 1-ից հայաստանյան, եւ ոչ միայն, քաղաքական գործիչների կողմից օգտագործվող WhatsApp գաղտնագրային համակարգն այլեւս գաղտնիության առումով անվտանգ չի լինելու։ Եվ այստեղ հաղորդակցվող մարդկանց առաջարկեց անցնել կապի այլ միջոցների։ Բանն այն է, որ այս համակարգի տվյալների բազան գաղտնազերծվելու է, եւ դրանց նկատմամբ տարբեր կառույցներ հասանելիություն են ձեռք բերելու։ Ընդ որում՝ միջազգային ասպարեզում։ Ինչը նշանակում է, որ տարբեր երկրների իրավապահ մարմինները՝ պահանջի դեպքում, կարողանալու են ստանալ օգտատերերի տվյալները եւ կարողանալու են գաղտնալսել խոսակցությունները, կարդալ նամակագրությունը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս փոփոխություններից տեղյակ չէ, սակայն խոսեց այն մասին, թե որքան է համակարգը ներկա պահին անվտանգ՝ տվյալների գաղտնիության տեսանկյունից։ Նաեւ՝ այն մասին, թե, այնուամենայնիվ, հնարավոր է, որ հիմա էլ WhatsApp-ը «լսվում է»։ Նախ, Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։ Այն աշխատում է գաղտնագրմամբ։ Այսինքն՝ հաղորդագրությունները գաղտնագրվում են սարքից սարք։ «Ես եթե ինչ-որ մեկին հաղորդագրություն եմ ուղարկում, այդ նամակը գաղտնագրվում է իմ հեռախոսի վրա եւ ապակոդավորվում է այն մարդու մոտ, ում ես այն ուղարկել եմ։ Դա նշանակում է, որ WhatsApp-ն ինքը չի կարողանում կարդալ իմ գրառումները։ Հետեւաբար, տվյալ փոխանցել, եթե չլինի գաղտնագրման համակարգի մեջ փոփոխություն, չի կարող»,- բացատրեց Սամվել Մարտիրոսյանը։
Հիմա՝ այն մասին, թե ինչ տիպի տվյալ կարող է փոխանցել WhatsApp-ը։ Դրանք կարող են լինել, այսպես կոչված՝ մետա տվյալները։ Այսինքն՝ ով եւ ում է զանգահարել տվյալ պահին, եւ որքան է տեւել այդ խոսակցությունը։ «Սա What՛s app-ը կարող է փոխանցել։ Եվ սա էլի քիչ տվյալ չէ։ Այնպես որ, սա ինչ-որ առումով մարդկանց խոցելի է դարձնում՝ չբացահայտելով խոսակցության կամ գրառումների բովանդակությունը»,- հավելեց Մարտիրոսյանը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում