Քաղաքապետարանն այս տարի 325 մլն դրամ կծախսի ամանորյա միջոցառումների համար, որի մեծ մասը՝ 270 մլն դրամը, տրամադրել է կառավարությունը։ Տոնական միջոցառումներն այս տարի նույնպես կանցկացվեն մեկ անձից գնումով՝ առանց մրցույթի։
«Այդ 325 միլիոնը, որը հրապարակված է, դրանից մոտ 270 միլիոնը կառավարության տված փողն է, 54 միլիոնը համայնքային բյուջեից է։ Բացի դրանից՝ վարչական շրջաններն առանձին բյուջե ունեն՝ տոնական զարդարանքների, փողոցների լուսավորության համար եւ մշակութային միջոցառումների համար»,- ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։
Հայտնի դարձավ, որ ոչ պակաս ճոխ ամանոր են պատրաստվում նշել նաեւ վարչական շրջանների աշխատակազմերը։ Ըստ արդեն իսկ հրապարակված տվյալների՝ թաղապետարանների աշխատակիցների ամանորյա քեֆ-ուրախությունների համար նախատեսվել է համայնքային բյուջեից ծախսել մոտ 14,5 մլն դրամ, որից Ավան վարչական շրջանի աշխատակազմին՝ 1 միլիոն 300 հազար դրամ, Շենգավիթի՝ 2 միլիոն, Դավթաշենի՝ 1 միլիոն 300 հազար, Էրեբունու ՝ 400 հազար, Նորք-Մարաշի՝ 1 միլիոն, Նուբարաշենի՝ 200 հազար, Քանաքեռ-Զեյթունի՝ 2 միլիոն, Նոր Նորքի՝ 1 միլիոն 600 հազար, Աջափնյակի՝ 400 հազար, Արաբկիրի՝ 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ ամենաճոխ Ամանորը կլինի Կենտրոն շրջանում՝ 3 մլն դրամ գումար։ Միայն Մալաթիա-Սեբաստիան 0 դրամ է ծախսելու։ Մենք զանգահարեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ հասկանալու, թե ինչու է կորպորատիվի համար 0 դրամ սահմանել, ինչով են Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցները մյուսներից պակաս, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ թաղապետարանի աշխատակազմն ամանորյա հավաքույթ չի անելու։ «Չէ, ունենալու է, մենք արհմիության գումարներով ենք անելու, դա ավանդույթ է եղել»,- ասաց Կարապետյանը։
Հարցրինք, թե որքան է նախատեսվել։ «Այս պահին արհմիության հոգաբարձուների խորհուրդը զբաղված է տարբեր տեղերում գինը հասկանալով, հետո, երբ ժողով կանեն, թիվը կհասկանան՝ տրամաբանակա՞ն է, թե՞ ոչ, որ ըստ դրա շարժվեն առաջ։ Այս պահին թիվ չկա»։
Կարդացեք նաև
Կարապետյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ գումար է դա, ովքեր են արհմիության հոգաբարձուների խորհրդի կազմում։ Նա չպատասխանեց, ասաց՝ ուսումնասիրեք համացանցը, որտեղ, ի դեպ, որեւէ բան չկա Մալաթիա-Սեբաստիայի արհմիության մասին։ Վարչական շրջանի ղեկավարին հարցրինք նաեւ, թե որքան է տրամադրվել քաղաքապետարանից վարչական շրջանի ամանորյա միջոցառումների համար։ «Մենք ունեինք լուսավորություններ, որոնք վերանորոգվել են հաջորդ տարի օգտագործվելու համար, դա այն գումարն է, որը ըստ նախահաշվարկի կազմվել է։ Այսինքն՝ հաշվարկը եղել է 9.6 միլիոնի, բայց մրցույթը հաղթել են 8.2 միլիոնով։ Իհարկե, մրցույթով է լինելու, այս պահին անունները չեմ հիշում, բայց բոլորը մրցույթով է, առանց մրցույթի գումար չի ծախսվում»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում