«Երկու տասնամյակից ավելի՝ ՍԴ-ն ձախողել է իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել եւ խթանել է հակաժողովրդավարական զարգացումները»,-ԱԺ-ում այսօր Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ ՍԴ-ի վերջին երկու տասնամյակի գործունեությունը կարելի է համարել ժողովրդավարության պահապանից բանտապահի վերածվելու իրողություն: Պատգամավորը կարծում է, որ ՍԴ-ն հանցակից է եղել ընտրակեղծարարություններին:
«Գրեթե բոլոր դեպքերում ՍԴ-ում ընտրությունների վիճարկման վերաբերյալ որոշումների կայացումն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, քաղաքական կուսակցությունները ջարդուփշուր անելով, սպանություններով: Կարող ենք պնդել, որ ՍԴ-ն գործուն մասնակցություն է ունեցել ընտրությունների եւ հանրաքվեների կեղծմանը: Դա եղել է իշխանության բռնազավթման գործընթաց: Նման պայմաններում մենք նրանց իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել: Պատասխանատվության փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ, ինչը մեզ չի մոտեցնում ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:
Արման Բաբաջանյանը հավելեց. «Կուզենայի օրերս տեղի ունեցած՝ շատ վատ եւ աննախադեպ երեւույթի մասին տեղեկացնել: Սահմանադրական դատարանի անդամներն օրերս եղել են Ռիգայում եւ հանդիպել են իրենց գործընկերների հետ, բողոքել ՀՀ իշխանությունից՝ իրենց վրա գործադրվող ճնշումների մասին պատմելով: Հիշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպեց այն ժամանակ, երբ քննվում էր երկրի գլխավոր մեղադրյալի վերաբերյալ գործը: Այս ամենն ապացուցում է, որ իրավիճակը ճգնաժամից էլ խորն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից