ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հերթական նիստում ամբիոնից ցուցադրեց Վանաձորի եւ Գեղարքունիքի մարզի մի շարք գործող դպրոցների լուսանկարներ՝ մատնանշելու համար դրանց անմխիթար վիճակը: «Այս դպրոցների նորոգման համար մեր կառավարությունն այս տարվա բյուջեով գումար չի գտել, իսկ հիմա բերել է օրենքի նախագիծ, որը ոտքից գլուխ քաղաքական է՝ բացարձակապես քաղաքական»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը սահմանող օրինագիծը:
Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց. «ՍԴ խնդիրը քաղաքական է, ինչի մասին հայտարարեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Որեւէ մեկը չի կասկածում, որ քաղաքական է: Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմն ու նրա նախագահը: Ասելը, թե մեր ուշքը գնում է «Հրայր Թովմասյան+6»-ի համար, շատ մեծ շռայլություն կլինի, այդպես չէ, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի իրավական ճանապարհով, ոչ թե քաղաքական: ՀՀ հպարտ քաղաքացիներ, մեզ ու ձեզ առաջարկում են, որ մեր եւ ձեր հարկերից վճարենք Հրայր Թովմասյանին եւ եւս վեց դատավորի, որպեսզի նրանք գնան տուն եւ նստեն՝ ամսական ստանալով 1 375 000 եւ 1 31 000 դրամ…ինչո՞ւ: Այդ ինչպե՞ս եք որոշել: Միայն նրա համար, որ ուզում եք այդ դատավորներին փոխարինել ձեր քիմքին հաճելի դատավորներո՞վ:
Պատգամավորը դիմեց իշխանությանը. «Մեր եւ ձեր երեխաներն այսպիսի դպրոցներում են սովորում, մինչդեռ մարդիկ նստելու են իրենց տանը եւ տարիներ շարունակ ստանալու թոշակ: Ովքեր կգայթակղվեն այս օրինագծով, հիշեցնեմ՝ որեւէ իշխանություն հավերժ չէ: Եթե ձեզանից որեւէ մեկը կգնա այս քաղաքական գործարքին, հիշեք, որ այդ գումարները ոչ միայն վերադարձնելու են, այլեւ ենթարկվելու եք քրեական պատասխանատվության»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ