«Երբ ասում եք, որ այլ դատարանների դատավորների վրա սա չի տարածվում, դա խտրական վերաբերմունք չէ՞ մյուս դատավորների հանդեպ: Դուք միշտ ասում եք, որ կամավոր է, ոչ թե պարտադիր: Եթե հիմքում կամավորությունն եք դնում, ապա պետությունն ի՞նչ խնդիր է իրականում լուծում այս նախագծով»,-ԱԺ-ում այսօր Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին նման հարցադրումներ հղեց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը:
Բադասյանը նախ նշեց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ վաղ կենսաթոշակի պարտադիր ինստիտուտն ընդունելի չէ. «Պետությունը սրանով նոր մոդելի ՍԴ ունենալու խնդիրն է լուծում»:
Ապա Շաքե Իսայանը մեջբերեց օրինագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հատվածը՝ ՍԴ դատավորներից յոթի միաժամանակյա վաղ կենսաթոշակի անցնելը կարող է խոչընդոտել ՍԴ աշխատանքին, ուստի ՀՀ-ին առաջարկում է վերանայել սխեման՝ այս մտահոգությունը վերացնելու համար: Պատգամավորն ասաց. «Պատկերացրեք, որ ՍԴ մի քանի դատավոր, ասենք՝ յոթը, միաժամանակ անցնում են վաղաժամ թոշակի: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ՍԴ-ն պարալիզացվում է, կեղծ ճգնաժամը վերածվում է իրական ճգնաժամի: Իրական ճգնաժամի ենք գնում, սա՞ է ճանապարհը»:
Ռուստամ Բադասյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, որ կեղծ ճգնաժամ ունենք, շատ իրական է ճգնաժամը: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այն դեպքը, երբ յոթ դատավոր կանցնի վաղ կենսաթոշակի: Նախատեսել ենք կարգավորում, որ ավելի քան երեք դատավորի՝ վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում թափուր տեղի ընտրությունն անցկացվում է 15 օրում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ