Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խորհրդարանը մեկ տարեկան է

Դեկտեմբեր 10,2019 10:00

Երեկվա լրահոսում ես, կարծես, չհանդիպեցի որեւէ անդրադարձի այն բանին, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կարծում եմ, դա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ քիչ են եղել ընտրություններ, որոնց արդյունքներին հանրությունն ամբողջապես վստահի, եւ որոնք չեն վիճարկվել ոչ մի քաղաքական ուժի կողմից: Դրանից առաջ այդպես էր եղել 1990-ին եւ մասամբ՝ 1999-ին: Հատկապես 90 թվականի ընտրությունների հետ զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ երկու դեպքում էլ ընտրություններին նախորդել էր փողոցային պայքարը, որն ուղղված էր փտած, լճացած, անարդյունավետ համակարգի դեմ:

Բայց կան նաեւ տարբերություններ, որոնցից աչքի է զարնում այն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի եւ մի շարք այլ ծանրակշիռ, ազդեցիկ գործիչների օգտին: 2018 թվականին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց բացառապես Նիկոլ Փաշինյանին, որը կազմել էր 88 հոգանոց ցուցակ. այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հասարակությունը կա՛մ ընդհանրապես չէր ճանաչում, կա՛մ էլ՝ ճանաչում էր այնքանով, որքանով նրանք «Նիկոլի կողքին» էին: Ի թիվս այլ խնդիրների, դա, իհարկե, ծանրացնում է ներկայիս վարչապետի ուսերին ընկած բեռը:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ 90 թվականին մեր հասարակությունն ավելի կրթված էր ու զարգացած, քան այսօր. այսօրվա «միջին վիճակագրական» 20 տարեկան երիտասարդն ավելի քիչ գրքեր է կարդացել, քան այն ժամանակվա 20 տարեկանը: Որպես հետեւանք՝ այն 90-ի ընտրողն, իմ կարծիքով. ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. վերջինս, որպես կանոն, գտնվում է «ֆեյսբուքային զոմբիականության» ազդեցության տակ, որը ծնում է միագիծ, կտրուկ, «քառակուսի», վերջնական ճշմարտությանը հավակնող դատողություններ:

Բայց եթե համեմատենք այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմը նախորդ 2-3 գումարումների հետ, ապա այն, ընդհանուր առմամբ, ունի նաեւ առավելություններ: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ անփորձությունը, ամբոխավարությունը, դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը եւ համատարած անհավատությունը: Կարծում եմ, այս հարցի պատասխանը բոլորի համար պարզ է: Առաջին տիպի թերությունները, գոնե տեսականորեն, հնարավոր է շտկել՝ լավ կլիներ, իհարկե, որ մենք այս առումով առաջընթաց զգայինք մեկ տարվա ընթացքում: Երկրորդ դեպքում ամեն ինչ անհույս է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բնական է որ կարելի եղածին չափ լաւատես կ’ուզէք մնալ, գոնէ հանրային գետնի վրայ: Սակայն այնուհանդերձ, եզրափակիչ պարբերութիւնը բառացիօրէն նշանակում է որ, մէկ ու կէս տարի ետք (ղեկը արդէն նորերուն ձեռքն էր, առաջ որ կառավարութիւն դառնան), տակաւին… յոյսի հանգրուանին է կացութիւնը:

    Իսկ նոյնիսկ եթէ ընդունինք որ նոր իշխանաւորների վերոնշեալ թերութիւնները դարմանելի են (ամբոխավարութեան պարագային գոնէ, շատ վիճելի է այդ prognosis-ը, երբ որ լրիւ վարչակարգը էապէս հիմնուած է այդ դաւանանքին վրայ, ու կախեալ է անկէ), թուարկումին մէջ պակաս է մի կարեւոր կէտ՝ կարողութիւնների սահմանափակումը, անատակութիւնը: Զորս ամէն դէպքում, ի տարբերութիւն պարզապէս անփորձութեան, կարելի չէ սրբագրել գործը ստանձնելէն ետք, գործի ընթացքին, իսկ որոշ անձերի պարագային ալ երբեք չի սրբագրուիր:

    Վերջապէս, վստահ չեմ որ «անհաւատութիւն» բառը տեղին է, նկատի ունենալով որ նա առաջին իմաստով իսկ կը վերաբերի հոգեւորական հաւատքին, եւ եթէ նախկիններն ալ դա չունէին, գոնէ անոնք պատերազմ չէին բացած հաւատացեալներուն դէմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031