Մամուլի ինքնակարգավորման մեխանիզմները Դանիայում եւ Շվեդիայում
Շվեդիայում եւ Դանիայում երեք հետխորհրդային երկրներից՝ Ուկրաինայից, Մոլդովայից եւ Հայաստանից ժամանած փորձագիտական խմբերը մոտ երեք շաբաթ ուսումնասիրում էին ինչպես այդ երկրների, այնպես էլ միմյանց փորձը՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման ոլորտում:
Լրատվամիջոցների, մամուլի, ընդհանրապես՝ խոսքի ազատության հարցերում Սկանդինավյան երկրները մշտապես օրինակելի եւ առաջատար են եղել: Ու, բնական է, որ այս երկրներում մամուլի ինքնակարգավորումը նույնպես լուրջ ավանդույթներ ունի: Թեեւ, պետք է նկատել, որ այս երկու երկրներում էլ ինքնակարգավորումը «մաքուր» չէ, քանի որ պետությունը, թեեւ փոքր, բայց ինչ-որ դերակատարում ունի այդ համակարգի մեջ: Սակայն երկու երկրներում էլ պնդում են, որ իրենց մոտ կատարյալ ինքնակարգավորում է, քանի որ ոչ մի կոպեկ ֆինանսավորում այդ երկրների ինքնակարգավորման մարմինները պետությունից չեն ստանում:
Ի՞նչ է ընդհանրապես ինքնակարգավորումը:
Կարդացեք նաև
Արդեն իսկ անվանումից հասկանալի է, որ ինքնակարգավորումը (ցանկացած ոլորտում, ոչ միայն մամուլի) ինքդ քո (որեւէ խմբի, որեւէ համայնքի, որեւէ միավորման) համար մշակած կանոնների, հռչակագրերի, սկզբունքների որոշակի խումբ է, որին ենթարկվում են այդ կանոններն ընդունածները: Սովորաբար ինքնակարգավորման են գնում որոշակի մասնագիտական, կրոնական կամ համայնքային խմբերը՝ չցանկանալով, որ իրենց կարգավորի օրենքը, պետությունը: Ինքնակարգավորումը նախատեսում է նաեւ որոշակի «դատական մարմին», «պատիժների» համակարգ:
Մամուլի ինքնակարգավորման բազմաթիվ օրինակներ կան: Մամուլի պարագայում ինքնակարգավորումը նշանակում է, որ լրատվամիջոցների որոշակի խումբ հավաքվում է, կազմում սկզբունքների, կանոնների մի համախումբ, որին իրենք հետեւելու են: Նաեւ ընտրում են իրենց միջից մի մարմին, որն իրականացնում է դատավորի ֆունկցիան՝ խմբի այն անդամները, որոնք չեն ենթարկվի սեփական կանոններին կամ սկզբունքներին, պետք է պատրաստ լինեն լսելու իրենց հասցեին հնչած քննադատությունը, ավելին՝ այդ քննադատությունը ինքնակամ հրապարակեն իրենց էջերում:
Ի՞նչ վիճակ է Հայաստանում
Հայաստանում մամուլի ինքնակարգավորման մեխանիզմի ներդրման փորձերը ձեռնարկվել են դեռ 2000-ականների սկզբին, 2007-ին մի խումբ լրատվամիջոցներ ստորագրեցին Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը , եւ հիմնեցին Էթիկայի դիտորդ մարմինը: Կանոնագիրը այսօրվա դրությամբ ստորագրել են ավելի քան 4 տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ, այդուհանդերձ ինքնակարգավորման մեխանիզմները Հայաստանում դեռ լիարժեք չեն գործում, դեռեւս, կարելի է ասել, փորձնական մակարդակի վրա են գտնվում: Այսօր, երբ մամուլի առջեւ ծառացած խնդիրները, կապված համացանցի զարգացման եւ սոցիալական ցանցերի տարածման հետ, բազմապատկվել են, կարիք է առաջացել խթանելու ինքնակարգավորման գործընթացը:
FOJO
Շվեդիայի հարավում գտնվող գողտրիկ Կալմար քաղաքում գործում է FOJO ինստիտուտը, որը զբաղվում է լրատվամիջոցների զարգացման հարցերով: 1960-ականների ն այն հիմնվել է Շվեդիայի վարչապետի կողմից՝ շվեդ լրագրողների որակավորումը բարձրացնելու նպատակով: Հետագայում այս ինստիտուտը կուրսեր ստեղծեց նաեւ զարգացող երկրների լրագրողների համար: Այժմ, FOJO-ն եւ դանիական IMS –ը, որը նույնպես միջազգային լրատվամիջոցներին աջակցող կազմակերպություն է, Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետաքրքրված մասնագետներին ծանոթացնում են Դանիայի եւ Շվեդիայի մամուլի ինքնակարգավորման փորձին՝ նպաստելով մեր երկրներում այդ մեխանիզմի ներդրմանը: Նկատենք, որ ծրագրի ֆինանսավորումը այս երկու երկրների պետական միջոցներից է՝ իրենց հարկատուների փողերով:
Երեք շաբաթյա ծրագրի ընթացքում մեկ շաբաթ եղանք Կալմարում, ծանոթացանք տեղի լրատվամիջոցների փորձին, մամուլի խնդիրներին՝ մեր երեք երկրներում, ինքնակարգավորման առջեւ ծառացած մարտահրավերներին, մամուլի հարցերում պետության միջամտությանը եւ այլն: Որից հետո հավաքվածներս բաժանվեցինք երկու խմբի, մի մասը մեկնեց Կոպենհագեն՝ դանիական փորձին ծանոթանալու, մյուսը՝ Ստոկհոլմ՝ շվեդական փորձի հետեւից:
Դանիայի փորձը
Քանի որ անձամբ ես Դանիա մեկնածների թվում էի, ինքնակարգավորման դանիական փորձին ավելի մանրամասն կանդրադառնամ: Շվեդական փորձը կներկայացնեմ գործընկերներիս պատմածի հիման վրա:
Դանիայում գործում է մամուլի ինքնակարգավորման երկու շերտ: Առաջինը «ընթերցողների խմբագիր» կամ մամուլի օմբուդսման կոչվող ինստիտուտն է, որը գործում է Դանիայի որոշ լրատվամիջոցներում, բայց ոչ բոլորում: Դրանք, այսպես ասած, ներքին ինքնակարգավորման մարմիններ են: Մենք հանդիպեցինք Դանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկի՝ «Պոլիտիկենի» , ինչպես նաեւ Դանիայի հանրային հեռարձակող հանդիսացող Դանիական ռադիոյի (իրականում այն ընդգրկում է 6 հեռուստաալիք, 9 ռադիոալիք, 3 կայք) օմբուդսմանների հետ: Նրանք կարգավորում են իրենց ընթերցողների եւ իրենց լրատվամիջոցների միջեւ առաջացած խնդիրները, լսում են բողոքները, պատասխանում դրանց:
Դանիական ռադիոյի օմբուդսմենը, օրինակ, ասաց, որ օրվա ընթացքում 10-15 էլեկտրոնային նամակ է ստանում՝ տարատեսակ բողոքներով, սակայն դրանց հիմնական մասը կամ ճիշտ հասցեով չեն ուղարկված, ասենք, բողոքում են, որ այսինչ ալիքն իրենց տանը լավ չի ցույց տալիս, կամ հիմնավոր բողոքներ չեն: Իրական, լուրջ բողոքներ, որոնք կվերաբերվեն լրագրողի կամ խմբագրության աշխատանքին՝ էթիկական նորմերը չպահելուն կամ այլ խախտումների, լինում են շաբաթական ընդամենը 3-4 հատ, նա դրանք ուսումնասիրում է, քննարկում բողոքի կողմ հանդիսացող լրագրողի կամ խմբագրի հետ, եզրակացություն գրում: Իր աշխատանքում նա հիմնվում է Դանիական ռադիոյի 100 էջանոց էթիկական ուղեցույցի վրա: Եթե Դանիական ռադիոյի խորհուրդը համաձայն է լինում օմբուդսմանի եզրակացության հետ, իսկ այդպես լինում է դեպքերի գրեթե 95%-ի պարագայում, այդ եզրակացությունը հրապարակվում է հենց այն խմբագրության կողմից, որից բողոքել են: Բողոքի քննությունը տեւում է մինչեւ 4 շաբաթ:
«Պոլիտիկենի» օմբուդսմենը այլ ոճով էր աշխատում: Նա թերթում ունի ամենօրյա սյունյակ, որում անդրադառնում է թերթի աշխատանքների վերաբերյալ իր ստացած բոլոր բողոքներին: Երբեմն դրանք պարզ վրիպակների մասին դժգոհություններ են, երբեմն՝ լուրջ էթիկական սխալների մատնանշումներ: Այս թերթը, բացի նրանից, որ հետեւում է Դանիայի լրագրողների համար ընդհանուր էթիկական նորմերին, ունի նաեւ իր սեփական էթիկական կանոնները, դրանցից մեկը վերաբերում է դատական գործերի լուսաբանմանը: «Պոլիտիկենը» որոշել է, որ չի անդրադառնալու, չի լուսաբանելու այն դատական գործերը, որում ամբաստանյալի դատավճիռը չի կարող գերազանցել 4 տարին, եթե իհարկե, խոսքը քաղաքական գործիչներին, խոշոր բիզնեսմեններին եւ հասարակական այլ հայտնի դեմքերին չի վերաբերում: Այս կերպ, թերթը փորձում է պաշտպանել հանրային պարսավանքից համեմատաբար փոքր հանցանք կամ զանցանք կատարած մարդկանց եւ նրանց ընտանիքներին: «Պոլիտիկենի» այս մոտեցումը կամաց-կամաց որդեգրում են նաեւ այլ դանիական լրատվամիջոցներ:
«Պոլիտիկնեի» օմբուդսմենը հումորով եւ տակտով է անդրադառնում բողոքներին, որպեսզի չնեղացնի ոչ դժգոհ մնացած ընթերցողին, ոչ՝ «մեղադրյալ» լրագրողին: Նրա պատմած զավեշտալի օրինակները շատ էին, մեկն օրինակ հետեւյալն էր. Կաննի միջազգային կինոփառատոնը լուսաբանող լրագրողը նյութում գրում է՝ ահա թե ինչպիսի տեսարան է բացվում Վենետիկում մեր առջեւ: Ընթերցողներն անմիջապես գրում են՝ ձեր լրագրողը չի տարբերո՞ւմ, թե որ քաղաքում է գտնվում:
Սակայն միայն զավեշտալի չեն լինում սխալները: Մեր խնդրանքով նա հիշեց իր վրա ամենածանր ազդեցությունը թողած բողոքի մասին: Այսպես, «Պոլիտիկենը» ուսումնասիրել էր Եվրապառլամենտում ներկայացված մի քանի դանիացի պատգամավորների աշխատանքը՝ համաձայն Եվրապառլամենտի կայքում տեղադրված նյութերի, եւ այդ պատգամավորներից մեկի մասին գրել, թե անբանի մեկն է, քանի որ այդ նստաշրջանի ընթացքում չի մասնակցել իր հանձնաժողովի եւ ոչ մի նիստի: Ու չնայած հետո այդ պատգամավորը փաստացի ցույց էր տվել, որ ինքը միաժամանակ երկու հանձնաժողովի անդամ է, եւ այդ նիստերը երկու հանձնաժողովներում եղել են տառացիորեն նույն ժամերին, եւ ինքը մշտապես ներկա է եղել մյուս հանձնաժողովի նիստին, անբանի մեկը չէ, այդուհանդերձ, այդ հոդվածի ազդեցությունն ակնհայտ էր՝ այդ կինն այլեւս չընտրվեց պատգամավոր:
Վերը բերածս օրինակները ներքին օմբուդսմանների մասին էին: Սակայն Դանիայում կա մեկ ընդհանուր ինքնակարգավորող մարմին՝ Մամուլի խորհուրդը: Թեեւ դանիացիները պնդում են, որ դա ինքնակարգավորող մարմին է, այդուհանդերձ, հաշվի առնելով այն փաստը, որ դրա անդամները նշանակվում են արդարադատության նախարարի կողմից, պետք է նկատենք, որ պետությունը որոշակի գործառություն ունի այս հարցում:
Դանիայի Մամուլի խորհուրդը ունի 8 անդամ եւ եւս 8 հոգի՝ պահեստային ցուցակում: Խորհրդի 8 անդամներից երկուսը լրագրողներ են՝ առաջարկվում են Դանիայի լրագրողների միության կողմից, որն ունի 18 հազար անդամ: Եվս 2-ը ներկայացնում են Դանիայի խմբագիրների, հրատարակիչներին եւ հեռարձակողների հանրույթը: Երկու անդամ առաջարկվում են հասարակական կազմակերպությունների կողմից: Մամուլի խորհդի նախագահը Դանիայի բարձրագույն դատարանի անդամ է, իսկ նրա տեղակալը՝ իրավաբան: Այս երկուսը պետք է ունենան Բարձրագույն դատարանի նախագահի երաշխավորությունը: Մամուլի խորհուրդը նիստեր է գումարում ամիսը մեկ անգամ՝ 4 հոգանոց կազմով՝ մեկական լրագրող, հրատարակիչ, ՀԿ ներկայացուցիչ եւ խորհրդի նախագահը կամ տեղակալը: Մամուլի խորհուրդն ունի նաեւ 6 հոգանոց աշխատակազմ՝ հիմնականում իրավաբաններից բաղկացած:
Մամուլի խորհուրդը Դանիայում արմատներ է գցել դեռ 1960-70-ականներին, երբ մի քանի թերթերի հրատարակիչներ միավորվեցին, ընդհանուր սկզբունքների հիման վրա էթիկական չափանիշների մի ցանկ կազմեցին եւ ասացին, որ ենթարկվելու են իրենց իսկ որդեգրած սկզբունքներին՝ միայն թե պետությունը չորոշի կարգավորել մամուլի հարցերը: 1990-ից հրատարակիչներին միացան նաեւ հեռուստաընկերությունները, մասնավորապես՝ Դանիական ռադիոն: Իսկ 1992-ին հիմնադրվեց մինչեւ հիմա գործող Դանիայի Մամուլի խորհուրդը: Իհարկե, էթիկական նորմերը պարբերաբար թարմացվում են՝ ժամանակին համընթաց: Վերջին անգամ դրանք նորացվել են 2011 թվականին: Դանիացիները այս հարցում նախանձով են նայում Նորվեգիային, որտեղ էթիկական կանոնագիրքը ամեն երկու տարին մեկ է թարմացվում:
Դանիական Մամուլի խորհրդի որոշումները տարածվում են միայն այդ մարմինն ընդունած լրատվամիջոցների վրա, իսկ դրանք հետեւյալն են՝ ողջ տպագիր մամուլը, եթե լույս են տեսնում տարեկան գոնե 2 անգամ, բոլոր հեռարձակող ընկերությունները, որոնք հեռարձակվում են Դանիայի տարածքից, եւ այն օնլայն մեդիաները, որոնք ինքնակամ միացել են էթիկական նորմերին, ունեն գրանցում կամ պետությունից որոշակի սուբսիդիա են ստանում: Վերոնշյալ կայքերն իրենց էջում դնում են մի նշան, որում հայտնում են ընթերցողներին, որ իրենք պատասխանատու են բովանդակության համար եւ մաս են կազմում Մամուլի խորհրդին:
Մամուլի խորհուրդն առաջնորդվում է էթիկական կոդեքսով, որն ընդգրկում է երեք մեծ թեմա՝ ճշգրտություն հրապարակումներում, դատական եւ քրեական գործերի լուսաբանում, երեխաների պաշտպանություն:
Այս խորհրդում բողոքները քննարկվում են 12 շաբաթվա ընթացքում, սակայն եթե դիմողը մինչ այդ դիմել է կոնկրետ մամուլի միջոցին, ապա բողոքի քննարկումն ավելի է երկարում: Թերեւս այս երկարատեւ ընթացակարգն է պատճառը, որ մարդիկ նախընտրում են սկզբից դիմել կոնկրետ լրատվամիջոցին՝ իրենց բողոքով, հերքման պահանջով, պատասխանի իրավունքով, եթե լրատվամիջոցում հարցը չլուծվի, նոր գնալ Մամուլի խորհուրդ: Դատարան, ըստ էության, շատ քիչ են դիմում մամուլի հարցերով, քանի որ Դանիայում երկար տարիների ավանդույթը մարդկանց սովորեցրել է, որ մամուլի հարցերով բողոքները պիտի նախեւառաջ ներքին օմբուդսմենին կամ Մամուլի խորհուրդին ուղղվեն, նոր միայն՝ չբավարարման պարագայում, կարող են գնալ դատարան՝ փող ծախսել փաստաբանների վրա, ժամանակ վատնել:
Դանիայում հասարակությունը նաեւ բավականաչափ մեդիագրագետ է եւ անմիջապես հասկանում է, որ եթե լրատվամիջոցը չի միացել էթիկական կանոնագրքին եւ չի ընդունում Մամուլի խորհրդի որոշումները, ապա հեռու է իրական լրատվամիջոց լինելուց, պատասխանատվություն չի կրում իր բովանդակության համար եւ դժվար է գործ ունենալ դրանց հետ: Ի տարբերություն Հայաստանի եւ հետխորհրդային այլ երկրների, Դանիայում ֆեյք կայքերը, որոնք ծլում են անհայտությունից, լսարան եւ ընթերցող գրեթե չունեն:
Դանիայի լրագրողների միության (որն ինչպես վերը նշեցի, ունի 18 հազար անդամ) փոխնախագահը հստակ տարանջատում է ֆեյքերին, ապատեղեկատվությունը՝ վատ լրագրությունից. «Ապատեղեկատվության նպատակը հասարակությունը քանդելն է, լավ ու վատի մասին մարդկանց պատկերացումները, չափանիշները, արժեքային համակարգը ջարդելը, ինֆորմացիոն հոսքը կեղտոտելը: Իսկ վատ լրագրությունը պարզապես էթիկայի նորմերին չհետեւելն է»:
Քարոզչության եւ ֆեյքերի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհ նրանք չեն տեսնում, բայց առանձնապես չեն էլ տագնապում, քանի որ հասարակությունը վանում է իրեն անծանոթ մարմինները՝ անհայտ կայքերը, իսկ քննադատական մտածողությունը եւ մեդիագրագիտությունը երեխաներն ուսումնասիրում են դեռ դպրոցից: «Բարեբախտաբար, մեր երկրում մեծ վստահություն կա մամուլի եւ լրագրողների հանդեպ»,- նշում է Դանիայի ժուռնալիստների միության փոխնախագահը:
Շվեդական փորձը
Խոսքի ազատությունը, կարելի է ասել, ծնվել է Շվեդիայում, որովհետեւ այս երկրում է դեռեւս 250 տարի առաջ այն օրենքի ուժ է ստացել՝ աշխարհում առաջինը: 1766 թվականին օրենքով այս երկրում արգելվեց գրաքննությունը եւ հաստատվեց խոսքի ազատությունը: Այնուհետեւ այս դրույթը ամրագրվեց երկրի Սահմանադրության մեջ եւ դարձավ Շվեդիայի զարգացման եւ ժողովրդավարության ծաղկման գլխավոր երաշխիքը: Իհարկե, դարերի ընթացքում օրենքը քանիցս վերափոխվել է,սակայն հիմնական դրույթները մնացել են:
Շվեդիայում մամուլը մշտապես ստացել է պետական աջակցություն, քանի որ եղել է հետեւյալ սկզբունքը՝ պետության բյուջեն կազմավորվում է հարկատուների փողերից, իսկ հարկատուները իրավունք ունեն իմանալու այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում, այդ իսկ պատճառով նրանք վճարում են շվեդական լրատվամիջոցներին՝ իրենց իրավունքն իրացնելու համար:
Մամուլն աջակցությունը ստանում է Մեդիայի աջակցության խորհրդի կողմից: Սուբսիդիաները տրվում են տպագիր մամուլին՝ տարածման եւ այլ գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաեւ մամուլի տարբեր միջոցների՝ տարածաշրջանային մամուլը զարգացնելու, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինովացիաների համար: 2020 թվականի պետական բյուջով շվեդական մամուլին պետությունը կհատկացնի մոտ 76 մլն եվրոյի չափ գումար՝ զարգանալու եւ տարածվելու համար:
Բնականաբար, միայն պետբյուջեից ստացած աջակցությունը բավարար չէ մամուլ պահելու համար: Շվեդների մոտ թերթ կարդալու ավանդական մշակույթը պահպանվել է մինչեւ հիմա: Կալմար քաղաքում տպագրվող «Բարոմետր» թերթը, որը տարածվում է մոտ 180 հազար բնակչություն ունեցող տարածաշրջանում, ունի ընդհանուր առմամբ 35 հազար 500 բաժանորդ:
Նրանցից 31,8 հազարը բաժանորդագրված են ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակի համար: Ինչպես նկատեցիք՝ «Բարոմետրի» կայքն էլ անվճար չէ՝ բաժանորդագրությամբ է: Նրանք, ովքեր բաժանորդագրված են միայն օնլայն տարբերակին, շատ քիչ են՝ ընդամենը 3700-ը:
Շվեդիայում մեդիայի ինքնակարգավորման հիմնական առանցքը Մամուլի օմբուդսմենն է, որը մեկն է ողջ շվեդական մամուլի համար եւ որը գործում է այդ երկրում դեռեւս 1969 թվականից: Բացի Մամուլի օմբուդսմանից, Շվեդիայում կա նաեւ դեռ 1916 թվականին հիմնադրված լրագրողական էթիկայի հարցերով Մամուլի խորհուրդը , որը հիմնվել է լրագրողական 4 կազմակերպությունների ինքնակամ միավորման արդյունքում: Մամուլի օմբուդսմենի վճիռը չընդունելու դեպքում միայն բողոքող կողմը կարող է հասնել մինչեւ Մամուլի խորհուրդ: Ստոկհոլմում Մամուլի օմբուդսմենի հետ հանդիպած մեր գործընկերները ուղղակի հիացած էին այդ անձնավորությամբ, որը մեծ հեղինակություն է վայելում իր երկրում, որտեղ մամուլն, ընդհանրապես, մեծ վստահություն ունի:
Ինչպես Շվեդիայի, այնպես էլ Դանիայի Մամուլի խորհուրդներին բողոքով կարող են դիմել միայն այն անձինք, ովքեր անձնապես հիշատակված են այդ հոդվածներում: Այլ, ավելի ընդհանուր հարցերով բողոքներ չեն ընդունվում: Մեկ այլ ընդհանրություն էլ այն է, որ երկու երկրներում էլ մամուլի ինքնակարգավորման անհրաժեշտությունը զգացել եւ արագ գնացել են դրան այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-ինչ պատճառներով կարող է պետությունը միջամտել եւ օրենքներ ընդունել՝ մամուլի վերաբերյալ:
Ի տարբերություն Դանիայի՝ Շվեդիայում Օմբուդսմենը կարող է տուգանել մամուլի միջոցին՝ խախտման համար: Մեր այցելած «Բարոմետրն», օրինակ, ինչ-որ ժամանակ տուգանվել էր մոտ 4000 եվրոյի չափով, սակայն ընդունում էր, որ սխալվել էր: Տուգանքի գումարը, ըստ այդ թերթի խմբագրի, Օմբուդսմենի գրասենյակին է գնում: Սակայն մեր հարցին՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ Օմբուդսմենը շահագրգռված կլինի շատ խախտումներ հայտնաբերել եւ շատ տուգանքներ գրել, «Բարոմետրի» խմբագիրն ու լուրերի բաժնի վարիչն ընդունեցին անկեղծ զարմանքով, նրանց մտքով անգամ չէր կարող նման բան անցնել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ