Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը ապատեղեկատվություն է համարում «Մարտի 1-ի » գործով ԱԱԾ նախկին պաշտոնյայի ցուցմունքը

Դեկտեմբեր 09,2019 23:20

«Մարտի 1-ի » գործով մեղադրյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ապատեղեկատվություն է համարում ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանի տեղեկությունները, թե Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ , ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի հետ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ հիմքեր են ստեղծել, որոնք իրականում չեն եղել: ԱԱԾ նախկին պաշտոնյայի տվյալներով՝ հիմքերը ստեղծվել են հետին թվով կազմված կեղծ տեղեկանքների միջոցով:

Հայկ Ալումյանը Aravot.am-ին ներկայացրեց ԱԱԾ նախկին պետի նամակը, որը դեռ 2008 թվականի փետրվարի 28-ին էր ուղարկվել նախկին ոստիկանապետին. «Ըստ ԱԱԾ ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների կողմից Երեւան քաղաքի Ազատության հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երեւանում, հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններն ու կոչեր: Ստացվել են նաեւ տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու են հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր ու մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ ու հակաիրավական գործողությունների ընթացքում:

Սա գրել է ԱԱԾ տնօրենը ու հասցեագրել ոստիկանապետին: Սա գրվել է փետրվարի 28-ին՝ դեպքերից երկու օր առաջ, այդ տարի փետրվարը 29 օր ուներ: Եթե ոստիկանության դեպքում ոստիկաններն էլ էին օպերատիվ տվյալներ ներկայացրել, որ իրավիճակը ապակայունացնելու միտումներ կան, եւ այնտեղ զենք կարող է լինել, գործի մեջ կան նաեւ ոստիկանության այդպիսի գրություններ, եւ եթե ոստիկանության դեպքում քննության ընթացքում այդպիսի վարկած կա, որ այդ գրությունները հետին թվով են կազմվել ու գործի մեջ հայտնվել, ապա ԱԱԾ կողմից այս գրության ու սրա հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ որեւէ մեկը չի կարող ասել ու մինչեւ հիմա որեւէ քրեական գործով այսպիսի վարկած չի անցնում, թե իբր այս գրությունը հետին թվով է դրվել գործի մեջ: Աշխարհում, երեւի, չկա պետություն, որտեղ, եթե ոստիկանապետը ԱԱԾ-ից կամ այլ աղբյուրներից ստանա այսպիսի տեղեկություններ ու չփորձի միջոցներ ձեռնարկել հնարավոր վտանգները կանխելու ուղղությամբ»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ 2008 թվականի փետրվարի 24-ին արդեն իսկ կար քրեական գործ հարուցված Լեւոն Տեր-Պետրոսյանի ու մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ. «Քրեական գործը հնարավոր չէ հետին թվով հարուցել, իսկ դրա հիմքում դրված են համանման տեղեկություններ, որ Ազատության հրապարակում բացի խաղաղ ցուցարարներից կան նաեւ մարդիկ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը, զինված խմբավորումներ կազմելու փորձեր են արված: ՀԿԳ ավագ քննիչ Մարուքյանի որոշում կա փետրվարի 24-ին, ըստ որի՝ պարզվել է՝ ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու այլոք, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկանալով, որ, ըստ նախնական տվյալների, պարտվել են ընտրություններում ու ստացել ընտրողների ձայների ընդամենը 21,5 տոկոսը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների բնականոն աշխատանքը կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու ու դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, ՀՀ պետական իշխանությունը յուրացնելով՝ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել, սրա տակ էլ նյութեր կան, որոնց հիման վրա այս քրեական գործը հարուցվել է: Ես չգիտեմ՝ ԱԱԾ նախկին պաշտոնյան որ քրեական գործով է նման մտքեր արտահայտել, բայց հիմա տարբեր մարդիկ տարբեր շարժառիթներով կարող են տարբեր մտքեր արտահայտել, հիմա այնպիսի տեղեկատվական ալիք կա, որ շատ դժվար է բոլորի ասածներին ոչ միայն արձագանքել, այլեւ՝ հետեւել այդպիսի հայտարարություններին: Ամեն դեպքում, քրեական գործը, որը գտնվում է այսօր դատարանում, նման տեղեկություններ քրեական գործով չկան ու չեն էլ կարող լինել»:

Փաստաբանը նաեւ ասաց՝ տեղյակ չէ, թե Տիգրան Բարսեղյանը որ քրեական գործով է ցուցմունք տվել

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031