ԱԺ-ն այսօր քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոփոխությունը ենթադրում է ՍԴ դատավորի՝ կամավոր վաղաժամկետ կենսաթոշակի դիմելու մեխանիզմը:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, նախարարի փոխանցմամբ, այս օրինագծի վերաբերյալ եզրակացրել է՝ չկա մոդել, որով հնարավոր է ընդդիմանալ դատավորների կամարտահայտությանը, եթե չկա արտաքին ազդեցություն եւ ճնշում:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք հենց հիմա բերում այդ օրինագիծը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապ ունի՞: Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Պաշտոնը ստանձնելու պահից իմ ուշադրության կենտրոնում են հայտնվել խնդիրները: Նպատակ ունենք ունենալու անկախ դատական համակարգ եւ հանրության շրջանում վստահություն վայելող դատական իշխանություն, ինչի առնչությամբ մի շարք գործողություններ ենք նախատեսել: Վաղ կենսաթոշակի ինստիտուտը դրանցից մեկն է միայն: Ոնց հասկացա, ձեր վերջին հարցը վերաբերում է ՍԴ այն անդամներին, որոնց մինչեւ փոփոխությունը…այո, իրենց է վերաբերում, որովհետեւ վերջին երկու ՍԴ դատավորներն այլ ընթացակարգով են նշանակվել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ