Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը: Այս գործով վճիռը ՄԻԵԴ-ը հրապարակել է 2015 թվականին, իսկ արդարացի հատուցմանը՝ 2017 թվականին:
ՄԻԵԴ բողոքով դիմել էին 6 ադրբեջանցիներ, որոնք 1992թ. ստիպված էին եղել փախչել Լաչինից, երբ շրջանն անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ:
Դատարանը գտել է, որ Հայաստանն արդյունավետ կերպով վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, այդ թվում Լաչինի շրջանում, և որ գործի քննությունը Հայաստանի իրավասության տակ է:
Դատարանը նաև որոշել է, որ հայցվորներին մերժել են հասանելիություն տրամադրել իրենց տներին և գույքին, և չեն տրամադրել որևէ իրավական պաշտպանության միջոցներ, որոնցով հնարավոր կլինի ապահովել փոխհատուցում:
Կարդացեք նաև
Դատարանը փաստել է, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը հատկապես կարևոր կլիներ բողոքի պատշաճ մեխանիզմներ ստեղծելու համար, որը հեշտ հասանելի կլինի և հնարավորություն կտա նման իրավիճակում հայտնված մարդկանց վերականգնել իրավունքներն իրենց գույքի նկատմամբ և այն կորցնելու դեպքում ստանալ փոխհատուցում:
Արդար փոխհատուցման մասին որոշման վերաբերյալ նշվում է, որ հայցվորները կարող են ստանալ փոխհատուցում Լաչինում իրենց հողերի կորստի, Բաքվում ապրելու հետևանքով ծախսերի ավելացման, ինչպես նաև նրանց տառապանքների հետևանքով ստեղծված բարոյական վնասի համար: Դատարանը կարծում է, որ դատական և նյութական վնասները սերտորեն փոխկապակցված են և չեն կարող հստակ հաշվարկվել, և որոշել է հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրել 5000 եվրո փոխհատուցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ