«Սովետական միությունից մնացած բարձրահարկ շենքերն ինչ վիճակում են…նախորդ տարիներն էլ գիտենք ինչ է կատարվել: Հրազդանում, օրինակ, 17 տարի ոչ մի ջեռուցվող մանկապարտեզ չի եղել: Կան վթարային շենքեր, որ շատ մեծ գումարներ պետք է տաս, որպեսզի մասնագետները գան-հետազոտեն ու ասեն՝ լուծում կտրվի՞: Տարիների ընթացքում մատը մատին չեն տվել»,-ԱԺ-ում այսօր «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Այս օրինագծով կարգավորվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքային հարաբերությունները, կառավարման ձևերը, համատիրության իրավասությունները:
Սասուն Միքայելյանը շեշտեց, որ շատ բարձրահարկ շենքեր վատ վիճակում են. «Տանիքներից եք խոսում…քաղաքապետարանն այսօր մարդկանց թիթեղ է տալիս: Հրազդանում գիտե՞ք՝ մարդիկ ի՞նչ վիճակում են ապրում: Առաստաղին ցելոֆան են կպցնում, ջրից պաշտպանվում, ուստի հարցին այսօր լուրջ եւ խորքային մոտեցում է պետք: Նման օրենքը լուրջ հիմքեր պետք է ունենա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ