Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Սարուխանյանը շառով է տալիս»․ ՀՀ երկրորդ նախագահի՝ Գյումրի ուղարկած ծաղկեպսակի շուրջ վիճաբանությունը շարունակվում է

Դեկտեմբեր 09,2019 19:30

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հնչեցրած քննադատությունը դարձել է ծեծկռտուքի թեմա։ Պատգամավորի ասելով, քոչարյանականները, ծեծել են իր ընկերոջը Գյումրու Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց, նրա միջոցով սպառնացել են նաև իրեն։

Կարեն Սարուխանյանը նաև անուններ էր հնչեցրել ՝ մասնավորապես նշելով, որ միջադեպին մասնակցել է Շեկո մականունով մի երիտասարդ, խոսքը գործարար Գարի Ուզունյանի մասին է, իսկ երկրորդ նախագահի համակիր Կարապետ Պողոսյանը երեկ ամբողջ օրվա ընթացքում մարդիկ է մեջ գցել, որպեսզի հանդիպի իրեն։Պատգամավորն առաջարկել է նրան գրանցվել, գալ իր գրասենյակ՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ, որն էլ, պատգամավորի գնահատմամբ, ծանր են տարել։

Կարապետ Պողոսյանը քիչ առաջ այս միջադեպի հետ կապված Aravot.am-ին պարզաբանեց հետևյալը․ «Ես որևէ մարդու չեմ հանդիպել, որևէ ծանոթ մեջ չեմ գցել, Կարեն Սարուխանյանի հետ կոնտակտի մեջ չեմ եղել։ Ես վերջին անգամ իր հետ անձնական շփում ունեցել եմ երևի 2016 կամ 2017 թվականներին։ Թե ինչ շփում է եղել, ես երևի թե վաղն ասուլիս կհրավիրեմ ու շատ հետաքրքիր մանրամասներ կներկայացնեմ։

Մտածում եմ, որ ինքը սուտ է խոսում՝ նման միջադեպի մասին հայտարարելով, այս ամենը ընդամենը քաղաքական վախկոտության հետ է կապված։ Այս ամենը ես կապում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ մեր կողմից վերջերս դատախազություն ուղարկած փաստաթղթի հետ։

Մենք դիմել էինք դատախազություն՝ հիմնավոր կասկածներ ու ապացույցներ ներկայացնելով, որ Արայիկ Հարությունյանը բազմակի անգամներ խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, մենք ունեցել ենք հիմնավոր կասկածներ, որ դա կոռուպցիոն շղթա է, գլխավոր դատախազն էլ ինձ պատասխանել է, որ ինքը գործը կուղարկի վարչապետի աշխատակազմ, այսինքն` ստացվում է , ուղարկում է «դաբրոյի», մինչդեռ դատախազությունն իրավունք չուներ նման պատասխան տալու՝ կամ գործ պիտի հարուցեր, կամ գործ հարուցելը մերժեր, կամ ուղարկեր նյութեր նախապատրաստելու։

Կարեն Սարուխանյանը շառով է տալիս, որովհետև իրենք վառված են, տանուլ են տվել, որի մասին մենք միշտ բարձրաձայնում ենք։

Ես հերքում եմ, որ ես ու Գարիկ Ուզունյանը որևէ մասնակցություն ունեցել ենք, եթե կան փաստեր, թող բերեն, փաստերով ապացուցեն»։

Հիշեցնենք, ԱԺ պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։ Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ, թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը… Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։

Իրեն, երևի, չբավարարված զգալով՝ այսօր գիշեր ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդը (պատգամավորի խոսքն, ամենայն հավանականությամբ, գործարար Գարիկ Ուզունյանի մասին է, որի արագ սննդի կետում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները սկանդալ էին սարքել, հայհոյանքներ հնչեցրել՝ փնտրելով իրեն, Ա․Ն) երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։

Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու… Բնականաբար, այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում։ Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի Շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք․ թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»։

Պատգամավորն ավելի վաղ գրել էր․ «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը՝ այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում… Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղերք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարապետ Պողոսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031