Ամանորի նախաշեմին «ակտիվացել» են Ձմեռ պապ եւ Ձյունանուշ պատվիրելու հայտարարությունները, սակագներն էլ տարբեր են: Ամանորի խորհրդանիշների ծառայությունները ամենաբարձրը հենց նոր տարվա գիշերն են: Օրինակ, նման ծառայություն մատուցող մի կազմակերպության գնացուցակով դեկտեմբերի 31 –ին ժամը 23:00-ին այդ ծառայությունն արժի 40000 դրամ. Նույն օրը ժամը 12-ին եւ 00:30-ին այդ ծառայությունը դառնում է 60000 դրամ: Երկու դեպքում էլ հնարավոր են զեղչեր:
Նման ծառայություն մատուցող մի կենտրոնից էլ տեղեկացրին, որ ի տարբերություն այլոց, իրենց մոտ գները «քրիստոնեական» են` մատչելի: «10000 դրամ միայն Ձմեռ պապն է, իսկ 15000 դրամ, եթե Ձյունանուշն էլ լինի»,-հեռախոսով հայտնեց երիտասարդ աղջիկը: Նա տեղեկացրեց, որ բնակարաններում այցը տեւում է 15-20 րոպե` կախված երեխաների թվից, նրանց հետ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երգում, պարում, արտասանում են, հետո հանձնում են ծնողների նախապես պատրաստած նվերները:
Հարցրինք, թե ովքեր են Ձմեռ պապերն ու Ձյունանուշները: «Ձմեռ պապերը տարիքով են, երիտասարդ Ձմեռ պապ ընդհանրապես չունենք, բոլորը 40-ն անց են եւ մեզ հետ համագործակցում են 4 տարի, փորձառու են»,-վստահեցրեց աղջիկը: Ասաց նաեւ, որ Ձյունանուշներն էլ երիտասարդ են ու գեղեցիկ:
Մեկ այլ կազմակերպությունից, որտեղ նման ծառայությունն արժի 25000 դրամ, հետաքրքրվեցինք` պատահե՞լ է, որ Ձմեռ պապի այցելությունից դժգոհ մնան: Պատասխանեցին, որ միայն մի դեպք է եղել ` ալկոհոլի հանդեպ հակում ունեցող իրենց հետ համագործակցող Ձմեռ պապի հետ այլեւս հրաժարվել են շարունակել աշխատանքը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ Կազմակերպությունների անունները չենք նշում` նրանց չգովազդելու համար: