Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց ստացել եմ 460 հազար դրամ, այդպես էլ շարունակում եմ ստանալ». Ի՞նչ է փոխվել Էդմոն Մարուքյանի կյանքում 1 տարվա ընթացքում

Դեկտեմբեր 09,2019 16:27

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններ էին, որի արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման ԱԺ-ն:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին՝ այս խորհրդարանի հետ կապված ձեր հույսերն արդարացվե՞լ են՝ պատասխանեց. «Շատ դժվար է ընդդիմության վիճակն այս խորհրդարանում, որովհետեւ բազմակարծությունը, ընդդիմախոսությունը շատ բուռն, էմոցիոնալ եւ անձնական դաշտում է ընկալվում, որը շատ սխալ է: Այս մի տարվա ընթացքում փորձել ենք, ըստ էության, հունի մեջ գցենք պառլամենտը, որովհետեւ ինստիտուցիոնալ հիշողության խնդիր կա, 132 պատգամավորից 103-ը առաջին անգամ է պատգամավոր, մարդիկ չեն իմացել ինչ է պատգամավորը, հետեւաբար պետք է սովորեն, հունի մեջ ընկնեն, նոր սկսեն ինչ-որ բան անեն: Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, բավականին ակտիվ աշխատել ենք, այսինքն՝ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, ֆրակցիաներն ակտիվ աշխատել են, ես չեմ կարող բացասական արտահայտվել: Իսկ հույսերի հետ կապված, քանի որ հույսերը միշտ չի, որ իրականանալի են, ռեալ են, հիմա մարդ կա՝ հույս ուներ, որ Ռոբին Հուդի պես իշխանությունը գալու է հարուստներից փողերը հավաքի, բաժանի աղքատներին ու դա երբ չի եղել՝ հիասթափվել է: Հիմա դա արդյոք ադեկվա՞տ հույս էր: Ես կարծում եմ, որ ոչ»:

Հարցին՝ նախկին գումարման ԱԺ-ն, երբ ցրում էին, ասում էին, որ դա խանգարում է ներդրումներին ու տպավորություն է, որ հենց նոր խորհրդարան կազմվեց ցանկալի ուժերից, արդեն ներդրումները կգան, հիմա ո՞նց եք դա գնահատում՝ Մարուքյանը նախ ասաց. «Այնպես չի, որ մենք իշխանության համար ցանկալի ուժ ենք, ուղղակի ժողովրդի քվեարկության արդյունքում այս խորհրդարանն է կազմվել: Ինչ վերաբերում է ներդրումներին, ես էն ժամանակ էլ չեմ կապել դա ներդրումների հետ: Ներդրումները կգան Հայաստան, երբ կլինի կայունություն, երբ կլինի տնտեսական ռեալ ծրագիր, ոչ թե կասեն՝ կոռուպցիա չկա, ու դեռ հարց է՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Հետեւաբար նոր խորհրդարան ընտրելով՝ ներդրումներ չեն գալիս: Այլ բան է, որ անցումային խորհրդարանը, անցումային կառավարությունը պրոբլեմատիկ էին կայունության համար եւ անհրաժեշտ էր այն ցրել, ու մենք ամեն ինչ արել ենք ցրելու համար»:

Հարցին՝ այս մի տարվա ընթացքում մարդիկ ավելի լա՞վ են ապրում, ո՞րն է ձեր գնահատականը՝ Մարուքյանը պատասխանեց. «Այ դա պետք է հարցնեք իշխանություններին, իրենք վիճակագրություն են հրապարակում, որ մարդիկ ավելի լավ են ապրում, բոլորը գոհ են…Հաշվի առնելով այն հոսքը, որ մեզ հայհոյում են՝ որպես ընդդիմություն, երեւի թե լավ են ապրում, ես չեմ կարող ասել: Որեւէ ընդդիմախոսություն չի ընկալվում, մարդիկ մտածում են, որ ընդդիմություն չպետք է լիներ, մտածում են, որ երկրի այսօրվա ղեկավարները սրբեր են եւ որեւէ թերություն չեն կարող ունենալ: Երեւի լավ են ապրում ու ես ուրախ եմ դրա համար»:

Հարցրեցինք՝ ձեր վրա փոփոխություն կա՞, դուք ավելի լավ չե՞ք ապրում, քան առաջ, Մարուքյանը պատասխանեց. «Մեր վրա որեւէ փոփոխություն չկա, ոնց ապրում էինք, այդպես էլ ապրում ենք: Տարին կգա, կամփոփենք հայտարարագիրը ներկայացնելիս, բայց ոնց ստացել եմ 460 հազար դրամ, այդպես էլ շարունակում եմ ստանալ, խմբակցության ղեկավար դառնալով՝ չի եղել փոփոխություն: Էդ էլ մի աբսուրդ բան է, որովհետեւ խմբակցության ղեկավարները, քաղաքական խմբերի ղեկավարները ամենակարեւոր պաշտոնյաներն են խորհրդարանական կառավարման երկրներում, բայց չգիտես ինչու, մեր սանդղակով մենք պատգամավորին հավասար ենք աշխատավարձ ստանում ու դրանից չենք էլ դժգոհում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031