«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- ՀՔԾ-ից հարցաքննությունից դուրս գալուց հետո այսպես արձագանքեց Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հարցերին:
Հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։
Բարսեղ Բեգլարյանի փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում և ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածից մանրամասներ. «Մեղադրանքին ծանոթացանք, մեղադրանքը Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում, ցուցմունք հետագայում կտրվի, քննությունը կիրականացվի, ամեն բան իր տեղը կընկնի»:
Փաստաբանն ասաց, որ Բարսեղ Բեգլարյանը գտնում է՝ ինքը հանցավոր արարք չի կատարել:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքին ծանո՞թ է, փաստաբանը պատասխանեց, որ դա նախաքննության գաղտնիք է, ոչինչ ասել չի կարող:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ