«Արդյունավետության տեսանկյունից լրագրողների այցը զրոյական էր: Ադրբեջանական հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե իրականում Հայաստանում ու Արցախում ինչ վիճակ է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով hայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին, այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նա փաստեց, որ ադրբեջանցի լրագրողները, վերադառնալով Ադրբեջան, հակահայկական քարոզչությամբ լի նյութեր հրապարակեցին՝ իրականությունից կտրված, առհասարակ իրական պատկերի հետ աղերս չունեցող:
Այս առիթով նա մանրամասնեց. «Հիմնական թեզեըը, որ ադրբեջանական հասարակությանը հրամցվեց այն էին, որ ՀՀ-ում տնտեսական, սոցիալական իրավիճակը բավականին ծանր է, ռեստորաններ, խանութներ չկան, տրանսպորտ չկա ի տարբերություն զարգացած Ադրբեջանի: Փորձեցին ամրապնդել այն միֆը, որ հայաստանցի-արցախցի ուժեղ պառակտում կա, որ Արցախում վախենում են կոնֆլիկտից, հայաստանցիներն անտարբեր են: Հայկական կողմը բացարձակ հետաքրքրված չէ լուծումով և խաղաղությանը նախապատրաստվելով՝ ադրբեջանական կողմը կառուցողական է, իսկ հայկականը՝ ոչ»:
Ադրբեջանագետը մտահոգություն հայտնեց, որ Մինսկի խումբը երբեմն ոչ համարժեք գնահատականներ է տալիս ու հիմնավորեց. «Երբ Ալիևը սպառվում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և Զանգեզուրը գրավելու մասին ակնարկներ անում, դա չի նկատվում Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց երբ խոսվում է Արցախը Հայաստան է և վերջ, դա դառնում է մատի փաթաթան»:
Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունների մասին Անժելա Էլիբեգովան ասաց. «Այստեղ երկու խնդրահարույց պահ կա: Տեղեկացվածության պակասն է հանրության մեջ, որն էմոցիոնալ վերաբերմունք է առաջացնում իրավիճակի: Հանրությունն այդ դեպքում սկսում է ինֆորմացիան կլանել հակառակորդ մամուլից և պաշտոնական տեղեկատվությունը, ինչը լավ չէ, քանի որ նորից հակահայկական թեզերը ներմուծվում են մեր հանրություն և ավելորդ անհասկանալի տրամադրություններ ստեղծում, բայց դրա մեղավորը հանրությունը չէ, որը տեղեկացված չէ; Դա մի փոքր անլրջացնում է գործընթացն ու դարձնում ոչ էական: Սա վտանգավոր միտում է»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում հիմա մենք ունենք պաշտոնական դիրքորոշում, բայց չունենք քարոզչական թեզերը: Ըստ ադրբեջանագետի՝ հող հանձնել-չհանձնելու դիսկուրսը պետք է տեղափոխել ինչպես անել, որ հողը պահել դիսկուրս. «Վտանգավոր է հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը: Բրատիսլավայից հետո այդ միտումը նորից նկատվում է, դրա մասին են վկայում հայտարարությունները, թե կարևոր է այն, որ առաջնագծում չեն կրակում»:
Դառնալով Բրատիսլավայի հանդիպումներից հետո ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին՝ Անժելա Էլիբեգովան ասաց. «Ադրբեջանական կողմը փորձում է պարբերաբար Մինսկի խմբի ձևաչափում նորամուծություններ անել, օրինակ՝ սկզբից փորձում էին Թուրքիային ներմուծել, չստացվեց, հետո փորձեցին Գերմանիային, իրենց հնարավոր թուրքական լոբբի ունեցող պետության, հետո Ուկրաինային, չստացվեց, հետո փորձեցին Մինսկի ձևաչափից տանել ՄԱԿ-ի ձևաչափ, չստացվեց: Ադրբեջանական կողմը տարբեր մոդիֆիկացիաների է փորձել ենթարկել հակամարտության կարգավորումը, հիմա հերթը մերն է: Մենք Արցախն ենք ուզում բերել բանակցային սեղան: Բայց այստեղ կա վտանգավոր միտում. Հայաստանը ներկայացվում է որպես կոնֆլիկտի կողմ, ոչ թե բանակցությունների կողմ: Մինչդեռ կոնֆլիկտի երկու կողմերն Արցախն ու Ադրբեջանն են: Հայաստանը Արցախի անվտանգության անվտանգության երաշխավորն է»:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը շեշտեց այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահի կադրային կազմն է փոխվել. «Առնվազն ինը կարևոր պաշտոն զբաղեցնում են Մեհրիբան Ալիևայի կլանից՝ Փաշաևների կլանի հետ առնչություն ունեցող մարդիկ: Հին ալիևյան՝ Հեյդար Ալիևից մնացածներն ըստ էության 90 տոկոսով խաղից դուրս բերվեցին, ուղարկվեցին պատվավոր թոշակների: Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք ադրբեջանական իշխանական սերնդափոխություն: Փաշաևների կլանի դիրքերը շատ ուժեղացել են: Հարց է առաջանում՝ ներքին խնդիր են ունենալու, որ Ալիևային ներկայացնում են որպես ներկա իշխանության միակ ժառանգ, ցույց են տալիս իրենց մրցակիցներին, որ արդեն ժառանգը որոշված է: Իրենց հասարակության աչքերում Մեհրիբանի համար պետք է երկաթյա տիկին իմիջը ստեղծել: Ուստի չենք կարող բացառել, ինչ-որ նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կերպարը կերտելուն»:
Ռազմական փորձագետը նկատեց՝ պատերազմի ռիսկերը նույնն են, ինչ 2014-2016-ին. «Եթե ՀՀ վարչապետը համեմատում է իրավիճակը 2014, 2015, 2016-ի հետ և ասում, որ հիմա ռիսկերը պակաս չեն, դա նշանակում է՝ հիմա շատ լուրջ ռիսկեր կան, և ՀՀ իշխանությունները գոնե հայտարարությունների մակարդակով դա հասկանում են: ԱԱԽ քարտուղարը մի քանի օր առաջ տված հարցազրույցում նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց տեղում են և չեն հրաժարվում իրենց նկրտումներից: Ըստ էության՝ ԱԱԽ քարտուղարը հստակ նշում է, որ Թուրքիան պիտի դիտենք որպես սպառնալիք մեր անվտանգությանը, և այս տասներկու տարում ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունները չեն փոխվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ