Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարգիլեն թոքախտի բուն է. ծխախոտի փոխարինիչները քաղցկեղածին են». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 09,2019 13:55

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած ծխելու դեմ պայքարի օրինագիծը, որով արգելվում է փակ եւ կիսափակ տարածքներում ծխելը, իսկ սուպերմարկետներում՝ ծխախոտի վաճառակետեր տեղադրելը: Քննարկումների եւ քննադատությունների տեղիք տված այս օրինագծի վերաբերյալ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց. «Ներկայացրեք ծանր վիճակագրությունը, որը կապված է թոքի քաղցկեղի հետ»: Նանուշյանը նախ նշեց, որ խնդիրն իսկապես մեծ է. «Ծխելը ոչ վարակից հիվանդությունների համար հիմնական ռիսկի գործոններից է: Եթե 2011թ.-ին բրոնխների, շնչափողի եւ թոքի քաղցկեղի դեպքերը ՀՀ-ում եղել են 1100, ապա 2017թ.-ին՝ 1900… Իհարկե, բժշկական ծառայության հասանելիության խնդիր կա, բայց ռիսկի գործոնն ազդում է հիվանդացության եւ մահացության վրա»:

Լենա Նանուշյանը նաեւ նշեց, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ՀՀ-ում հղի կանանց 70%-ը պասիվ ծխող է, այսինքն՝ երկրորդային ծուխ է շնչում: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ դրա հետեւանքով սիրտանոթային համակարգի հիվանդություններով երեխաներ են ծնվում: Պատգամավորը նաեւ հավելեց. «Կարծում եմ՝ քարոզչություն պետք է իրականացվի ծխախոտի փոխարինիչների վերաբերյալ: Վերջերս վիճակագրություն կարդացի այն մասին, որ դրանք ավելի վտանգավոր են, որովհետեւ տաքացման ազդեցությամբ պլաստմասե հատվածը տաքանում է եւ քաղցկեղածին նյութեր առաջացնում: Նարգիլեն թոքախտի բուն է»:

Փոխնախարարն արձագանքեց, որ օրինագծի սահմանափակումները տարածվում են բոլոր տեսակի ծխախոտային արտրադրանքի վրա՝ նարգիլե, նորարական արտադրատեսակ. «Վերջիներս նոր են՝ մի քանի տարի է, ինչ մտել են շուկա, եւ շատ դեպքերում մենք տեղյակ էլ չենք, թե ինչ հետեւանք կարող են ունենալ: Նորարարական տեսակները եւս առաջացնում են առողջության համար հետեւանքներ, ընդ որում՝ այդ թվում լյարդի վրա, ինչը սովորական ծխախոտի դեպքում արձանագրված չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031